Սոնե Սիլվերը՝ հանգիստը կազմակերպելու իր անխախտ «օրենքների» մասին
Advertisement 1000 x 90

Սոնե Սիլվերը՝ հանգիստը կազմակերպելու իր անխախտ «օրենքների» մասին

Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես է Սոնե Սիլվերն ամուսնու հետ անցկացնելու հանգիստը և առհասարակ՝ երգչուհին ինչպիսի՞ հանգստի սիրահար է:

Սոնեն դեռևս չի հասցրել վայելել ամառային հանգիստը, սակայան այդ առումով ծրագրեր շատ ունի.

«Ինձ համար ամառային հանգիստն անմիջապես ասոցացվում է ծովի և արևի հետ: Ամռանը սիրում եմ միայն ծովը վայելել, մտքովս չի անցնի այս սեզոնին, օրինակ, պատմական վայր գնալ ու որևէ քաղաք ուսումնասիրել: Այս պահին դեռևս հստակ չգիտենք, թե որտեղ կմեկնենք, բայց իմ բնավորությանը համաձայն, դա կարող ենք որոշել շատ շտապ ու կարճ ժամանակում»,- նշեց Սոնե Սիլվերը:

Հանգիստը կազմակերպելու հարցում երգչուհին շատ բծախնդիր է.

«Երբ ընտրում եմ վայրը, մանրակրկիտ ուսումնասիրում եմ. օրինակ՝ հյուրանոցում մեր սենյակի տեղակայման վայրն ինձ համար շատ կարևոր է: Այն պետք է բարձր հարկերում լինի և պատուհանից էլ պետք է ծովը երևա:  Ի դեպ՝ արդեն քանի տարի է, ես հստակ ծրագրում եմ, թե ինչպես պետք է անցնի արձակուրդներս: Ըստ իմ օրակարգի՝ մենք առավոտից մինչև կեսօր լողում ենք ծովում, ցերեկը, երբ արևի ճառագայթները վնասակար են, անցկացնում ենք հյուրանոցում, երեկոյան ժամերին կրկին ծով ենք գնում, իսկ արդեն ավելի ուշ ակտիվ ժամանց ենք անցկացնում: Ինքս պասիվ հանգստի սիրահար չեմ և ուրախ եմ, որ ամուսինս ևս կիսում է իմ այդ նախընտրությունը: Թեև պետք է խոստովանեմ, որ նա իմ նման բծախնդիր չէ, սակայն լավ արդյունքից հետո հասկանում է, թե ինչու եմ այդքան մանրակրկիտ վերաբերվում արտաքին գործոններին»,- պատմեց Սոնեն:

Երգչուհու խոսքով՝ ամուսինը, հանգստի վայր ընտրելիս, ընտրությունը թողնում է կնոջ վրա.

«Ամուսինս միշտ ասում է՝ դու որոշի, թե որտեղ մեկնենք, քանի որ, եթե ինչ-որ մի բան այն չլինի, ես կդժգոհեմ»,- ծիծաղելով նկատեց Սոնեն:

Երգչուհու համար մեծ արարողակարգ է արևայրուքի ընդունումը.

«Ես սիրում եմ, երբ կարողանում եմ գեղեցիկ արևայրուք ստանալ, իսկ այդ հարցում ունեմ իմ հատուկ նորմերը: Հստակ ժամերին ես պարտադիր պառկում եմ արևի տակ, բայց օգտագործում եմ համապատասխան քսուկներ, որպեսզի մաշկս չվնասեմ: Արևն ու ծովն իմ տարերքն են: Շատ եմ սիրում նաև ծովի ափին վայելել արևածագն ու մայրամուտը»,- հավելեց նա:

Սոնե Սիլվերը սիրում է հանգիստն անցկացնել նաև Հայաստանում.

«Մենք հետաքրքիր շատ վայրեր ունենք, որ կարող ենք մեկնել ու լիարժեք վայելել բնությունը: Քանի որ ջուր շատ եմ սիրում, հետևաբար սիրում եմ նաև Սևանը: Իհարկե, Սևանում չեմ սիրում լողում, բայց կարող եմ ժամերով նստել ափին ու հիանալ»,- ավարտեց երգչուհին:

 



Նման նյութեր