«Մի լուսանկարի պատմություն» շարքից Sputnik Արմենիան ներկայացնում է ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենին, հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին և նրա տիկնոջը պատկերող լուսանկարը:
1960-70-աններին մեծ ճանաչում ունեցող ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը ծնվել և մեծացել է Փարիզում: Նրա ծնողները Փարիզ էին գաղթել Մեծ եղեռնից հետո. հայրը` Խուրշուդ Հովհաննիսյանը, Նախիջևանից էր, մայրը` Նվարդ Ալոզյանը, ծնվել էր Անկարայի արվարձաններից մեկում: Ռոզի Արմենը տարբեր տարիներին երգել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ժիլբեր Բեկոն, Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Ջոնի Հոլիդեյը, Հուլիո Իգլեսիասը, իսկ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո նա մասնակցեց Շառլ Ազնավուրի հանրահայտ «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրմանը:
Իր առաջին ձայնասկավառակը Ռոզի Արմենը թողարկել է 1961-ին, երբ տակավին 22 տարեկան էր: 1962-ից սկսվում են երգչուհու համերգային շրջագայությունները Եվրոպայի երկրներ, Իրան, Լիբանան, Թուրքիա, ԱՄՆ: 1965 թվականին նա համերգներով հանդես է գալիս նաև Խորհրդային Միությունում՝ Երևանում և Մոսկվայում, և այդ համերգներն աննախադեպ հաջողություն են ունենում: Մոսկվայում երգչուհին տալիս է տասնյակից ավելի համերգներ, իսկ խորհրդային «Մելոդիա» ձայնագրման ստուդիան թողարկում է նրա կատարումների ձայնասկավառակը:
Ռոզի Արմենն իրավմամբ համարվում է ֆրանսիական երգի վառ աստղերից մեկը, սակայն երգչուհին հայտնի դարձավ նաև հայերեն բազմաթիվ երգերի հրաշալի կատարումներով: 1965-ի Մոսկվայի համերգներից մեկին նրան ունկնդրելու էր եկել Արամ Խաչատրյանը: Ռոզին կատարեց Արամ Խաչատրյանի երգերից մեկը, և այդ փայլուն համերգային կատարումը հիացրեց մեծ կոմպոզիտորին: Այդ ժամանակ էր, որ Արամ Խաչատրյանը Ռոզի Արմենին նվիրեց իր «Գարուն Երևան» երգը, որը գրվել էր բանաստեղծ Աշոտ Գրաշու խոսքերի հիման վրա: Երգը միանգամից սիրվեց Հայաստանում և հայկական սփյուռքում, ու մինչև այսօր էլ այն Երևանին ձոնված լավագույն երգերից մեկն է հանդիսանում: