Արդեն երկու շաբաթ է՝ Իսահակյան-Տերյան խաչմերուկում գործում է «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակը: Գրատնակի մտահղացման հեղինակներն են մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և քանդակագործ Արման Դավթյանը՝ Նուռը:
Այս գրատնակի ստեղծման համար «Little Story» ընկերությունը 60 միլիոն դրամի ներդրում է կատարել: Մոտ ապագայում նախատեսվում է ստեղծել այսպիսի ևս 9 կրպակ, որոնք կտեղակայվեն հայտնի գրողների անունները կրող փողոցներում: Այդ տնակները թե՛ գույնի և թե՛ ձևի առումով կտարբերվեն իրարից:
«Ավետիք Իսահակյան» գիրք-տնակը պատրաստված է Արման Դավթյանի՝ Նուռի էսքիզներով: Գրատնակում վաճառվում են տարբեր հրատարակչությունների գրքեր, ալբոմներ: Ինչպես նաև նախատեսվում է վաճառել թանգարանների և ներկայացումների տոմսեր:
Թե այս երկու շաբաթների ընթացքում ովքե՞ր են եղել «տնակի հյուրերը», 168.am-ը պարզեց հենց գիրք-տնակի աշխատակցից:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ գրատնակ հիմնականում օտարազգիներ են այցելում, տուրիստներ, որոնք մեծ մասամբ գնում են Հայաստանի մասին պատմող գրքեր, ինչպես նաև՝ ալբոմներ:
Նրա խոսքով՝ հայաստանցիներն այնքան էլ հաճախ չեն մտնում տնակ, իսկ պատճառը, նրա կարծիքով, այն է, որ կրպակը նոր է, և դեռ շատ մարդիկ տեղեկացված չեն դրանից:
«Սկզբում ավելի քիչ էին հաճախում, բայց հիմա աստիճանաբար հետաքրքրությունը մեծանում է, և հուսով եմ՝ դեռ կմեծանա էլ: Բացի այդ էլ՝ գիրք հիմնականում երիտասարդներն են գնում, իսկ հիմա ամառ է. ոչ համալսարաններն են բաց, ոչ էլ դպրոցները»,- ասաց աշխատակիցը:
168.am-ը բնակչության շրջանում հարցում կատարեց՝ պարզելու համար, թե որքանո՞վ են մարդիկ տեղեկացված գիրք-տնակի մասին: Հարցումն անցկացրեցինք Իսահակյան, Տերյան, Թումանյան փողոցներում: 30 հարցվածներից միայն 3-ն էին տեղյակ գիրք-տնակի մասին. մեկն անձամբ էր այցելել, երկուսն էլ հեռուստացույցով էին տեսել: Մնացածները չէին լսել տնակի մասին, բայց խոստացան անպայման այցելել:
Անի Թորոսյան