Սպառողական գները անցած 6 ամիսներին՝ ըստ ՀՀ քաղաքների և ապրանքախմբերի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպառողական գները անցած 6 ամիսներին՝ ըստ ՀՀ քաղաքների և ապրանքախմբերի

2017 թվականի հունիսին՝ 2016 թվականի դեկտեմբերի նկատմամբ, Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 101.2: Այլ կերպ ասած, անցած 6 ամիսների ընթացքում Հայաստանում սպառողական ապրանքների և ծառայությունների գները բարձրացել են 1.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ)։

ՀՀ ԱՎԾ-ն ներկայացնում է նաև գների փոփոխությունները ըստ ապրանքների և ըստ քաղաքների։

Սկսենք քաղաքներից։ ԱՎԾ-ն հրապարակել է Հայաստանների մարզկենտրոնների գնային վիճակագրությունը, որից երևում է, որ սպառողական գների փոփոխությունը ըստ քաղաքների խիստ տարբեր է։

Այսպես, հունվար-հունիսին սպառողական գներն ամենից շատ աճել են Գավառում (1.7%-ով) և Իջևանում (1.6%-ով)։ Ամենացածր գնաճը անցած 6 ամիսների կտրվածքով գրանցվել է Եղեգնաձորում՝ 0.7%։ Իսկ Արտաշատում գները նվազել են 0.1%-ով։ Երևանում սպառողական ապրանքների գների աճը համահունչ է հանրապետական միջին ցուցանիշին՝ 1.2%:

Վիճակագրությունը ներկայացնում է նաև գների փոփոխությունը ըստ ապրանքախմբերի և ապրանքների։ Ստորև բերված գծապատկերում գների փոփոխության տվյալներն են՝ ըստ 12 ապրանքախմբերի։

Սրանցից 4-ի դեպքում գները 2017 թվականի հունիսին՝ 2016-ի դեկտեմբերի համեմատ, աճել են, 2-ի դեպքում մնացել անփոփոխ, մնացածի դեպքում՝ նվազել։

Ամենից շատ՝ 5.7%-ով, աճել են տրանսպորտի գները։ Սննդամթերքը թանկացել է 4%-ով, ալկոհոլային խմիչքները և ծխախոտը՝ 2.1%-ով, առողջապահական ոլորտի ծառայությունները՝ 0.9%-ով։

Կապի ծառայությունների և կրթության ոլորտներում գները չեն փոխվել։

Ինչ վերաբերում է գնանկում գրանցածներին, ապա, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած 6 ամիսներին ամենից շատ էժանացել են հագուստն ու կոշիկը (4.8%-ով), կոմունալ ծառայությունները (4.6%-ով) և հանգստի ու մշակույթի ոլորտի ծառայությունները (2%-ով)։

b4b.am