Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես է երգչուհի Անուշիկ Ալավերդյանը անցկացնելու հանգիստը:
«Իմ մասնագիտության դեպքում տարվա ցանկացած եղանակին հնարավոր է հանգիստ կազմակերպել, քանի որ հյուրախաղերը հաճախ վերածվում են նաև հանգստի: Սակայն կոնկրետ այս տարի ամռանը ամենայն հավանականության կլինենք Հայաստանում, քանի որ այստեղ շատ կարևոր գործեր ունենք, ինչպես անձնական, այնպես էլ ստեղծագործական»,- նշեց երգչուհին:
Խոսելով հանգստի վերաբերյալ իր նախընտրությունների մասին՝ Անուշիկը նկատեց.
«Սիրում եմ ծովը: Կարծում եմ՝ պասիվ հանգիստը ամենաճիշտն է լիարժեք հանգստանալու համար: Ընդ որում, երբ գտնվում եմ լողափին, հեռախոսս, միանշանակ, երրորդ պլանում է»:
Անուշիկ Ալավերդյանը ընկերների շրջապատում իրեն լավ է զգում, բայց լիարժեք հանգստանում է ամուսնու ընկերակցությամբ.
«Իհարկե, ընկերների հետ միշտ էլ շատ հետաքրքիր է անցնում արձակուրդները, ու կապ չունի, թե որտեղ ես այն անցկացնում, բայց ես լիարժեք հանգստանում եմ միայն ամուսնուս հետ»,- հավելեց նա:
Երգչուհին ու ամուսինը՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանը, սիրում են լավ ժամանակ անցկացնել նաև Հայաստանի սահմաններում.
«Վերջին անգամ ամուսնուս հետ Ենոքավան էինք գնացել: Այդ ժամանակ Մայայով դեռ հղի էի: Թեև արդեն երկար ժամանակ է անցել, բայց չեմ մոռացել ապրածս անմոռանալի զգացողությունները. ուղակի հեքիաթային էր»:
Ամառային Երևանը ևս Անուշիկ Ալավերդյանը շատ է սիրում: Հատկապես Կասկադը նրա սիրելի վայրն է, որտեղ հաճախ է լինում ընկերների հետ:
«Ընկերներիս հետ սիրում եմ նստել երևանյան սրճարաններում ու հաճելի ժամանց անցկացնել, իսկ երբ փոքրիկիս հետ եմ, լավ ժամանցի վայր կարող է դառնալ այն վայրը, որտեղ այդ պահին փոքրիկիս հետաքրքիր է»,- ավարտեց երգչուհին: