Այվազովսկու կյանքի ընթացքը
Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 17-ին: Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու մատյանում գրանցվել է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Հայկական շրջանում նկարիչը միշտ այդ անվամբ է նշվել: Նկարչի նախնիները 17-րդ դարում Արևմտյան Հայաստանի Անիի շրջանից գաղթել են հարավային Լեհաստան՝ Գալիցիա, որը եղել է Եվրոպայում առաջին հայկական գաղութը: 19-րդ դարի սկզբին նկարչի վաճառական հայրը՝ վեց լեզուների տիրապետող և քրիստոնեական կյանքին ծառայող, տեղափոխվել է Ղրիմ՝ Թեոդոսիա, ամուսնացել նուրբ ձեռագործուհի Հռիփսիմեի հետ, ունեցել երկու դուստր և երեք որդի: Մոսկվայում հայտնի արվեստաբան Գալինա Չուրակը ճիշտ է ներկայացրել, որ Գևորգ Այվազովյանը ծնվել է Գալիցիայում և Ռուսաստան գալով՝ իր անունն ու ազգանունը դարձրել է Կոնստանտին Հայվազովսկի:
Այվազովսկին իր կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 6000 գեղանկար, որոնք պահվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում: Կտավների մեծ մասը գտնվում է Թեոդոսիայի՝ իր հիմնած տուն-թանգարանում: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։
Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտել է ոսկե մեդալով։
Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար` նա սկսել է նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնել է Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրել են ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։
Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն, երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։
Այվազովսկու գործերն աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։
Ծովանկարչի 200-ամյակը
Այս տարի լրանում է ծովանկարչի 200-ամյակը, և հունիսի 17-ին և 18-ին ֆիլատելիստական և լուսանկարչական ցուցահանդես է եղել Հայաստանի Ֆիլատելիստների միությունում: Ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Ֆիլատելիստների միության անդամ Ռոբերտ Հակոբյանն է: Ռոբերտ Հակոբյանը 2017 թվականի ապրիլի 18-21-ը Մինսկում տեղի ունեցած Ազգային ֆիլատելիստական 9-րդ ցուցահանդեսին արժանացել է դիպլոմի՝ «Այվազովսկու ստեղծագործությունները» հավաքածուի համար:
«Այվազովսկին շատերին է հայտնի՝ որպես ծովանկարիչ, բայց քչերը գիտեն, որ նա եղել է նաև բարեգործ: Ծովանկարչի ծննդավայր Թեոդոսիա քաղաքում խմելու ջրի հետ մեծ խնդիրներ կային, բայց նկարիչն իր միջոցներով 26 կմ խողովակներով ջուր է անցկացրել: Իր նախագծով, իր միջոցներով կառուցել է հուշարձան-աղբյուր, որը ժողովուրդն անվանել է «Фонтан Айвазовского»: Իր միջոցներով երկաթգիծ է կառուցել, բոլոր նորապսակներին նվերներ է տվել: Իր ցուցահանդեսներից գոյացած գումարով բարեգործություն է արել. հաճախ փոխանցել է մանկատներին, կարիքավոր ուսանողներին: Նա նաև օգնել է հայերին 1980-ական թվականներին Թուրքիայում իրականացած կոտորածներից»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռոբերտ Հակոբյանը:
Ֆիլատելիստի խոսքով՝ ցուցահանդեսը կայացել է նաև արվեստաբան Շահեն Խաչատրյանի շնորհիվ, ով Այվազովսկու կյանքի և գործունեության մասին պատմող շատ գրքեր ու ալբոմներ է նվիրել: Ցուցահանդեսում կային նամականիշեր, օրացույցներ՝ նվիրված ծովանկարչին: Ինչպես նաև ներկայացված էին Ռոբերտ Հակոբյանի՝ Թեոդոսիայում արած լուսանկարները:
Լեգենդներ Այվազովսկու մասին
Այվազովսկու անունը նաև շատ լեգենդների հետ են կապում: Օրինակ՝ ասում են, երբ Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա տաղանդը, փորձում է նրան՝ ասելով. «Ուսումնարանի առաջին հարկում կա մի ջրավազան, գնա՛ և այնտեղից դույլով ջուր բեր»:
Այվազովսկին գնում, տեսնում է, որ ջրավազանն իրականում պատի վրա նկարված նկար է: Նա այդ ջրավազանի նկարի վրա ավելացնում է «ջրի» մեջ խեղդվող շուն և առանց ջրի գնում տնօրենի մոտ և դատարկաձեռն վերադառնալու համար արդարանում՝ ասելով. «Ավազանի մեջ շուն կար. ջուրը կեղտոտ էր, չբերեցի»:
Վարպետը գնում-տեսնում է, թե ինչ հմտությամբ է Այվազովսկին նկարել շանը ու նրան ընդունում իր մոտ սովորելու:
Մեկ այլ առասպելի համաձայն՝ այն ժամանակ, երբ Այվազովսկին էտյուդներ էր անում Իսպանիայում ծովի ափին, Իսպանիայում գահի երկու հավակնորդների միջև դաժան պատերազմ էր: Տեսնելով, որ ծովի ափին նստած է նկարիչը՝ երկու կողմերի առաջնորդները, որոնք պատրաստ էին արյունահեղության, հետաքրքրվել են, թե ո՞վ է նա: Իմանալով, որ Այվազովսկին է՝ կողմերի երկուստեք համաձայնությամբ՝ ճակատամարտը տեղափոխվել է այլ տեղանք, որպեսզի մեծն նկարչին չխանգարեն:
Թեոդոսիայի բնակիչներն աստվածացնում էին Այվազովսկուն: Երբ Այվազովսկին մահացավ, Թեոդոսիան սգի մեջ էր: Փակվեցին դպրոցները, խանութները, շուկան: Հարյուրավոր մարդիկ լալիս էին: 1999-ի մայիսի 2-ին Այվազովսկուն հուղարկավորեցին զինվորական պատիվներով՝ Թեոդոսիայի հայկական Սբ. Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մկրտվել էր ու պսակադրվել: Նրա շիրիմին գրաբարով գրված է. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»:
Անի Թորոսյան