Էգոլոգիական մտածողության պատշաճ մակարդակի բացակայության պատճառով մեզանում վերջին տարիներին սրվել են բնապահպանական մի շարք խնդիրներ, մասնավորապես, մեծացել է ճնշումն անտառների վրա: Այս մասին
Արդեն քանի ամիս ՀՀ բնապահպանության նախարարությունում նպատակային աշխատանքներ են տարվում իրավիճակը շտկելու ուղղությամբ: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացվել են մի շարք խորհրդակցություններ և աշխատաոճի վերափոխման խնդիր է դրվել կոլեկտիվի առջև: Միաժամանակ մեծածավալ ստուգումներ են անցկացվել անտառային տարածքներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված հազարավոր ծառեր:
Խնդիրը զեկուցվել է ՀՀ նախագահին: Նախագահի կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանը և մարզային պետական մյուս կառույցներին տրվել են խիստ հանձնարականներ` կարճ ժամկետում վերացնել թերացումները և ապահովել ազգային պարկի պատշաճ պահպանությունը:
Հուլիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է խորհրդակցություն` նվիրված «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խնդիրներին, որի ժամանակ տեղայնացվել են ՀՀ Նախագահի կողմից տրված հանձնարարականները, ինչպես նաև քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված առաջարկները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Մինասյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ ստուգումներ են իրականացվել«Դիլիջան» ազգային պարկի» տարածքի մոտ 60 տոկոս տարածքներում (ստուգումն ընդգրկել է 2014թ. օգոստոսի 26-ից մինչև 2017թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածը), հայտնաբերվել է ապօրինի հատված ավելի քան6300 ծառ: Ապօրինի հատված 1820 ծառի վերաբերյալ ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր և կամ ներկայացրել իրավապահ մարմիններին։
Ազգային պարկում տիրող վիճակը շտկելու նպատակով Արծվիկ Մինասյանը խորհրդակցության մասնակից պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես`
– ստուգումների արդյունքների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն,
– ուժեղացնել Բնության հատուկ պահպանվող, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկի» պահպանությունը,
– կարճ ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը («Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում պահնորդական ծառայության միջոցով պահպանության փորձնական ծրագրի իրականացման ֆինանսավորման նպատակով),
– ուսումնասիրել «Դիլիջան» ԱՊ աշխատակիցների աշխատավարձերի, սոցիալական ապահովագրության, կյանքի ապահովագրության հարցերը, մշակել և ներկայացնել դրանց համար անհրաժեշտ ֆինանսավորման նախահաշիվը,
– «Դիլիջան» ԱՊ պահպանության տեսանկյունից բարձր ռիսկային տեղամասերի (Հաղարծին, Շամախյան, Դիլիջան) 24 ժամյա պահպանությունը փորձնական ծրագրով փոխանցել մասնավոր պահնորդական կազմակերպությանը, որը պետք է ապահովի շարժական և հենակետային պահնորդական խմբեր, իրականացնի շրջայցեր, նյութական պատասխանատվություն կրի այն վնասի համար, որը կպատճառվի ազգային պարկին՝ իր կողմից անհրաժեշտ պահպանության և անվտանգության միջոցառումները չիրականացնելու հետևանքով։
– վերանայել «Դիլիջան» ազգային պարկի կադրային քաղաքականությունը` սահմանելով մասնագիտական պահանջներ և անհրաժեշտության դեպքում նախատեսելով պարտադիր վերապատրաստման ծրագրեր,
– վերանայել «Դիլիջան» ազգային պարկի» կառավարման մարմինների (գործադիր մարմին, խորհուրդ, լիազոր մարմին) լիազորությունները, ազգային պարկի աշխատանքների կազմակերպման սխեմաները,
– կազմակերպել իրավապահ մարմինների, ազգային պարկի, տեսչական մարմնի և պահպանությունն իրականացնող կազմակերպության հետ իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,
– «Դիլիջան» ազգային պարկի» կառավարման խորհրդի պահպանման դեպքում ուսումնասիրել դրանում ՀԿ-ների, ԶԼՄ-ների և հարակից համայնքների ներկայացուցիչների ներգրավման հարցը,
– վերանայել «անտառային տոմս»-ի տրամադրման կարգը, ուսումնասիրել և լուծում տալ «անտառային տոմս»-ի մարման և վերահսկման մեխանիզմներին,
– մշակել և ներկայացնել առաջարկություն անտառից փայտանյութի դուրս բերման իրավունքի վերաբերյալ,
– ներկայացնել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ,
– մշակել և ներկայացնել այն սարքավորումների ցանկը (դրանց արժեքները, գնման հնարավորությունները), որոնք թույլ կտան առավել արդիական տեխնիկական միջոցներով կազմակերպել «Դիլիջան» ԱՊ տարածքների հսկողությունը(անօդաչու թռչող սարքերի կիրառում, արբանյակային քարտեզների միջոցով առկա վիճակի ուսումնասիրում, տեսախցիկների և ազդարարման զգայուն սարքերի տեղադրում և այլն),
– միջազգային կազմակերպությունների հետ վարել բանակցություններ, վերը նշված տեխնիկական սարքավորումները ձեռք բերելու ուղղությամբ,
– «Դիլիջան» ԱՊ-ի համար մշակել և ներդնել պահպանվող տարածքների աջակցման ծրագրեր,
– մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվի բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարները ողջամիտ չափով պահպանվող տարածքների պատասխանատու կազմակերպություններին վերադարձնելու և աշխատակիցներին խրախուսելու համար,
– մշակել և ներկայացնել «Դիլիջան» ԱՊ-ի կառավարման նոր պլանի տեխնիկական առաջադրանքը,
– մշակել Դիլիջան ԱՊ-ի հարակից համայնքների բնակիչների հետ տարվելիք բացատրական աշխատանքների սխեմա և նրանց կողմնակի անտառօգտագործման աշխատանքների մեջ ներգրավելու հնարավորություններ,
– մշակել փայտանյութի հանրապետություն ներմուծման խթանման օրենսդրական առաջարկներ,
– նախաձեռնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելիչ գործառույթներն ուժեղացնող, տեխնիկական զինվածությունը և մասնագիտական բարձր կարողություններն ապահովող անհրաժեշտ իրավական և այլ բնույթի փոփոխություններ։
Հաջորդ օրը, հուլիսի 14-ին, նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդակցություն անցկացրել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, որին հրավիրված էր նաև ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը:
Նախարար Արծվիկ Մինասյանն իր գնահատականն է տվել ազգային պարկի գործունեության վերաբերյալ, ապա տեղեկացրել, որ ազգային պարկի տնօրենն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, հիմնարկում իրականացվելու է կադրային նոր քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել անտառի լիարժեք պահպանություն: Համակարգի գործունեության որակն արմատապես փոխվելու է, թերացողները, ապօրինի անտառահատողների հետ համագործակցողները, փայտի առևտուրը հարստացման աղբյուր ընկալողները ոչ միայն տեղ պիտի չունենան համակարգում, այլև պիտի ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն:
Այնուհետև տեղամասերի պատասխանատուները, անտառապահները ներկայացրին բնականոն աշխատանք կազմակերպելուն խանգարող մի շարք դժվարություններ: Նախարարը ԱՊ ղեկավարությանը հանձնարարել է վերացնել դրանք: Հանձնարարվել է նաև գույքագրել անտառում առկա թափուկը, որպեսզի այն օրենքով սահմանված կարգով տրամադրելով բնակչությանը` մեղմվի անտառի վրա ճնշումը:
Խորհրդակցության ընթացքում եղել է առաջարկ օրենսդրական փոփոխություններով խստացնել ապօրինի ծառահատման համար նախատեսվող պատիժը:
ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վ. Գրիգորյանն իր խոսքում կարևորել է անտառների պահպանության նշանակությունը և իրավապահ համակարգի պատրաստակամությանը հայտնեց՝ համագործակցել ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու գործում: