«Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակակիր13-ամյա Անահիտ Ադամյանը, որ Աշոտ Ղազարյանի թոռնուհին է, նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում։ Անահիտը Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ Մյուզիքլի քասթինգին մասնակցել է պապիկի խորհրդով։
««Մանկական Նոր ալիք-2017» մրցույթից հետո ծնողներիս հետ որոշել էինք մեր հանգիստն անցկացնել Երևանում, հետո` ԱՄՆ–ում։ Երբ Երևանում էի պապիկս ինձ խորհուրդ տվեց մասնակցել երաժշտական մյուզիքլին։ Մեծ սիրով մասնակցեցի քասթինգին և անցա։ Իրականում, չեմ փոշմանել, որ մայրիկիս ու հայրիկիս հետ չեմ գնացել Ամերիկա, քանի որ այստեղ էլ մենք շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում շատ ընկերներ եմ ձեռք բերել»,- ասաց Անահիտը։
Վերջինս պատմեց իր կերպարի մասին. «Կերպարս գլամուր աղջիկ է, որը իր ողջ ժամանակն անցկացնում է սոցիալական ցանցերում, իր կյանքն առանց դրանց չի պատկերացնում, առօրյա խոսքում ցիտում է համացանցային աֆորիզմներ, մշտապես ուղիղ եթերում է, ինքնազգացողությունն ուղիղ համեմատական է հավաքած լայքերի քանակից և սիրում է անընդհատ սելֆիներ անել։ Նա ունի մի քույր, որը ճիշտ իր հակապատկերն է։ Խաղընկերս Մերի Քոչարյանն է։ Նրա հետ հենց այստեղ եմ ծանոթացել և արդեն ընկերացել ենք։ Մենք միասին նախքան նկարահանվելը միշտ քննարկում ենք ու որոշում` ինչպես խաղալ, որ տեսարանում ինչպես մենք մեզ պահենք և այլն»,- նշեց Անահիտը։
13-ամյա երգչուհու խոսքով` «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում նկարահանվելն իր համար մեծ փորձ է։ «Առաջին անգամ եմ նկարահանվում հեռուստատեսային նախագծում։ Ինձ դուր են գալիս նկարահանումները, բայց հետագայում չգիտեմ կշարունակեմ այս ոլորտում հանդես գալ, թե` ոչ։ Ինձ համար առաջնայինը երգն է»,- նկատեց նա։
Անահիտը նշեց, որ պապիկն իրեն շատ խորհուրդներ է տալիս` ինչպես իրեն դրսևորի նկարահանման հրապարակում։ «Երբ նկարահանումից տուն եմ գնում միշտ հարցուփորձ է անում, թե ինչպես է անցել այսօր։ Նրա հետ միշտ կիսվում եմ տպավորություններովս։ Պապիկս ասում է, որ հանկարծ չկաշկանդվեմ ու չամաչեմ։ Համարձակ ձևով անեմ այն, ինչ ինձ հանձնարարում է ռեժիսորը»,- ասաց երգչուհին։
Հիշեցնենք, որ «Նվագախմբի երեխաները» կցուցադրվի շուտով Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիումի» եթերում։