Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին: Հանրապետության Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Անկախության տոնի առթիվ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ Բակո Սահակյան,

Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ: Անկախ պետականության քառորդդարյա հոբելյանը մենք նշում ենք բաց ճակատով: Մենք անցանք դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ: Այդ ճանապարհի մեկնարկին ի՞նչ ունեինք: Ունեինք երկիր, որի մեկ երրորդը, բառի ուղղակի իմաստով, հողին էր հավասարված աղետալի երկրաշարժի հետևանքով: Մարդիկ ապրելու տեղ չունեին, էլ չեմ խոսում աշխատանքի մասին: Եվ այդ պայմաններում հարևան երկրից ընդունել էինք հարյուրհազարավոր փախստականների: Ավելին, կանգնած էինք լայնածավալ պատերազմի շեմին: Մենք մեկնարկեցինք էներգետիկ ճգնաժամի և շրջափակման պայմաններում: Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից թերևս ոչ մեկը չուներ այդքան անբարենպաստ մեկնարկային վիճակ: Բայց մենք չդավաճանեցինք մեր ընտրած ուղուն, հավատարիմ մնացինք անկախ ու ժողովրդավարական երկիր կառուցելու մեր որոշմանը:
Մեր ժողովուրդը բոլոր փորձությունները հաղթահարեց իրեն հատուկ տոկունությամբ, իմաստնությամբ, աշխատասիրությամբ ու խիզախությամբ: Հնարավորություններ գտավ պաշտպանելու Հայաստանն ու Արցախը, զարգացնելու տնտեսությունն ու հասարակական կյանքը:

Ինձ համար քսանհինգամյա նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը ,ասել եմ և նորից կրկնում եմ , անկախության սերունդն է: Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանում մեծացել է նոր սերունդ, որի համար Հայաստանի քաղաքացի լինելը ոչ միայն ճակատագիր է, այլև պատիվ: Նոր սերունդ, որ բաց է աշխարհի առաջ և կրթված է ավելի լավ, քան նախորդ սերունդները: Նոր սերունդ, որ քաղաքականապես գրագետ է և դավանում է ամենաբարձր ու համամարդկային արժեքների: Սերունդ, որի համար ազատության և ժողովրդավարության սկզբունքները մտածողության և աշխարհընկալման հիմքում են: Սա նոր սերունդ է, որ չի հանդուրժում և չի հանդուրժելու բռնապետության կամ ամբողջատիրության ոչ մի տարատեսակ, չի հանդուրժելու իրավունքների և ազատությունների սահմանափակման որևէ քայլ: Վերջապես սա մի սերունդ է, որ պատրաստ է կռվել հայրենիքի պաշտպանության համար և կռվում է առյուծի նման:

Կարելի է մի շենք ավել կամ պակաս կառուցել, բայց մեզ համար ամենակարևորը մրցունակ և հաջողակ հասարակություն կառուցելն է: Մեր ամենամեծ հարստությունը մեր երեխաներն են, ովքեր վաղը ներկայացնելու են այս հասարակությունը:
Ավելին, արդեն այսօր նրանք ներկայացնում են այս հասարակությունը՝ դրանով իսկ փառք բերելով մեր երկրին: Ինչպե՞ս չհպարտանանք այն երեխաներով, որ յուրաքանչյուր տարի բազմաթիվ մեդալներ են շահում դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում:

Անկախության սերունդը մեր երկրում ունի բարձր չափանիշներ և բարձր պահանջներ: Ունի նաև դժգոհություն, իսկ այդ դժգոհությունն առաջընթացի կարևոր և պարտադիր բաղադրիչ է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե նրանք գոհ ու բավարարված լինեին: Նրանք դժգոհում են, բողոքում, քննադատում և պահանջում, որովհետև ուզում են ապրել ավելի լավ երկրում: Ուզում են ապրել ավելի ազատ, ավելի օրինական, ավելի բարեկեցիկ երկրում: Նրանք թույլ չեն տալիս ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնել զգոնությունը՝ դրանով իսկ խթանելով բարեփոխումների տեմպերը:

Ինչո՞ւ է ինձ համար սա ամենակարևորը: Պետությունը գործիք է, որ պիտի ծառայի մարդուն և ոչ հակառակը: Անկախության սերունդը ցանկանում է բարեփոխել այդ գործիքը: Նա ճիշտ ճանապարհի վրա է: Մենք գնում ենք ժողովրդավարական կայունություն կառուցելու շատ բարդ, բայց ամենահեռանկարային ճանապարհով: Այո, շատ դժվար է մի քանի տասնամյակում անցնել այն ուղին, որն ուրիշներն անցել են մի քանի հարյուրամյակում: Բայց նաև հնարավոր է, որովհետև ճանապարհն արդեն հայտնի է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի անկախության վերջին քսանհինգ տարիները ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր փոխարեն մեր առջև ծառացած խնդիրները ոչ ոք չի լուծելու: Մենք կարողանում ենք լուծել և լուծում ենք դրանք ըստ առաջնահերթությունների: Ողջ աշխարհում ունենք հրաշալի բարեկամներ, գործընկերներ և դաշնակիցներ: Շնորհակալ ենք նրանց համագործակցության համար, բայց չմոռանանք, որ պատասխանատվությունը մերն է, միայն ու միայն մերը: Անկախության սերունդն աստիճանաբար գալիս է ստանձնելու այդ պատմական պատասխանատվությունը: Նա օտարի աչքի փուշը տեսնելուց առաջ խոսում է մեր աչքի գերանի մասին: Սա ճիշտ ճանապարհ է, որովհետև մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մեջ են: Որքան հասուն լինենք որպես հասարակություն, այնքան ավելի արագ կլուծենք մեր հարցերը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք գնում ենք արդար աշխատանքի, արդար վաստակի և ճշմարտությունն ասելու ճանապարհով: Մեր հարստությունը մեր հասարակությունն է: Ինչքան լավ բան կա մեր երկրում, արել է հենց նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին:

Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել: Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն: Ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն: Մենք գիտենք, թե ուր ենք գնում և ինչպես պետք է հասնենք այնտեղ: Եթե մի ամբողջ ազգ ուզում է նորոգել իր տունը, ապա նա դա կարող է անել: Մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին, իսկ նորացված Սահմանադրությունը կդառնա այդ ուղին լուսավորող վառ փարոս:

Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է: Քառորդ դարի ընթացքում ինչ արել ենք, արել ենք միասին: Վաղը անելու ենք ավելին: Այս ընթացքում ոչ միայն օգտագործել ենք նախկինում եղած ներուժը, այլև կուտակել ենք նոր փորձ և նոր ներուժ: Ձևավորել ենք նոր հարթակներ և գործիքներ, որ մեր առջև բացում են զարգացման նոր հորիզոններ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ: Մեր ազգային իղձերի իրականացումը մեր ձեռքերում է: Այն պահանջում է ժամանակ և աշխատանք: Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք և նոր հաջողություններ՝ ի փառս մեր երկրի և ժողովրդի:

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ասում էր. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»՝ նկատի ունենալով ազատ, անկախ Հայաստանը: Մենք ասում ենք. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ եկել է», բայց անմիջապես երկրորդում ենք. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»՝ նկատի ունենալով ավելի բարեկեցիկ և ավելի ապահով Հայաստան:

Կեցցե՛ հայ ժողովուրդը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

untitled-1

untitled-2

untitled-3

untitled-4

untitled-5

untitled-6

untitled-7

untitled-8

untitled-9

untitled-10

untitled-11

untitled-12

untitled-13

untitled-14

untitled-15