Սեպտեմբերի 1-ից հայկական արտադրության սերիալներին կավելանա ևս մեկը, որն իր բնույթով տարբերվելու է նրանով, որ սյուժետային զարգացումները տեղի են ունենալու ոչ թե հերոսուհու, այլ հերոսի հետ: Գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Բեն Ավետիսյանը, ով Life.panorama.am-ին մանրամասներ է պատմել:
«Երբ առաջարկ ստացա այս ֆիլմում նկարահանվելու, անմիջապես համաձայնեցի, քանի որ այն առաջին հերթին ինձ համար էր նորություն, գլխավորը` խաղալու շատ բան կար: Հեռուստասերիալը զարգանալու է իմ հերոսի շուրջ. Նա աղքատ տղա է, ով պայքարում է ոչ միայն իր սիրո, այլև գոյության կռվի, արդարության, չարության դեմ: Հերոսիս անունը Ալեն է, նա շատ է տարբերվում իմ վերջին կերպարից` Արամից: Ի տարբերության նրա` Ալենը կռվարար է, կյանքի նկատմամբ այլ հայացքներ ունի, այսպես ասած, դրսի կյանքով է ապրում: Սա շատ համով կերպար է, ում, ըստ իս, հեռուստադիտողը կսիրի»,- պատմեց Բենը:
Դերասանի խոսքով` իր ու Ալենի միջև նմանություններ կան:
«Առհասարակ, ամեն կերպարի մեջ դերասանը կարող է նմանություններ գտնել իր հետ: Ինչ վերաբերվում է Ալենին, այո, մենք որոշ իմաստով նման ենք, բայց, ինչ խոսք, տարբերությունները ևս շատ են: Ես էլ եմ Ալենի նման բռնկվող, բայց երևի ես ավելի ընտանեկան տղա եմ, իսկ նա` դրսի»,- հավելեց նա:
Այս հեռուստասերիալի հերոսուհին նոր դեմք է լինելու հեռուստադիտողի համար. «Հերոսուհու մասին շատ բան ասել չեմ կարող, քանի որ այս ասպարեզում նոր է: Ըստ սցենարի` հերոսուհին շատ հարուստ է: Նրա և Ալենի միջև մեծ սոցիալական տարբերություն կա, որն էլ պետք է հաղթահարեն»,- նշեց նա:
Բենի փոխանցմամբ` «Երանի» հեռուստասերիալի ստեղծագործական թիմից շատերը կաշխատեն նաև այս սերիալում, որի անունը դեռևս որոշված չէ:
«Ռեժիսորը կրկին Վահե Սայանն է, պրոդյուսերն էլ Էդգար Ավագյանն է, բայց ստեղծագործական խմբում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, իսկ դերասանական անձնակազմը գրեթե ամբողջովին է փոփոխվել»,-նկատեց նա:
Բեն Ավետիսյանը նշեց, որ նկարահանումները դեռևս չեն սկսվել, բայց նախատեսված է, որ սեպտեմբերի 1-ին այն եթերում լինի: