«Սլավյանսկի բազար 2017» երգի մանկական մրցույթի ղեկավարության հետ Հայաստանի պատվիրակությունը պայմանավորվածություն է ձեռք բերել միջազգային մրցույթի ներկայացուցչություն ունենալու մասին: Հուլիսի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Սլավյանսկի բազար» մանկական մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը: «Մենք ամեն տարի պետք է անցկացնենք նախընտրական փուլեր, որոնց կարող են մասնակցել այն երեխաները, ովքեր պատրաստ են հաղթահարել դրանք և ներկայացնել Հայաստանը մրցույթում»,-«Արմենպրեսի»-ի փոխանցմամբ՝ ասաց Կիրակոսյանը:
«Սլավյանսկի բազար» երգի մանկական մրցույթում հաղթած Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Մկրտչյանի պրոդյուսեր Մհեր Մեսրոպյանը տպավորվել է մրցույթի կազմակերպչական բարձր մակարդակով: «Այս մրցույթը արդեն 15-րդ տարին է, ինչ անցկացվում է, և կազմակերպչական միջոցները, բեմի ձևավորումը, հաղորդավարների պրոֆեսիոնալիզմը բավական բարձր մակարդակի վրա էին»,- նշեց նա:
Մրցույթի հաղթող Էրիկ Մկրտչյանը, խոսելով իր տպավորությունների մասին, ասաց, որ հպարտության զգացում է ունեցել, երբ իրեն հանձնել են մրցանակը: Նա հավելեց, որ մրցույթի ընթացքում դժվարություններ չի ունեցել: «Դժվարություններ այդքան էլ չեմ ունեցել, միայն լարվածություն կար, որը շուտ հաղթահարել եմ»,- ընդգծեց նա:
«Սլավյանսկի բազար 2017» մանկական երգի մրցույթին մասնակցել է 22 երկիր: Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Մկրտչյանը: Մրցույթի ժյուրիի կազմը գլխավորել է ռուս երգչուհի Վարվառան: