Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով թիմի հետ գտնվում է Միացյալ Նահանգներում, զրուցել է իսպանական Marca պարբերականի հետ:
Մխիթարյանը, պատասխանելով այն հարցին, թե զգո՞ւմ է արդյոք ճնշում՝ լինելով ամենահայտնի հայը, ով խաղում է մեծագույն ակումբում, նշել է, որ դա իր համար պատիվ և պատասխանատվություն է:
«Իսկապես պատիվ է իմանալ, որ ամբողջ ազգն ինձ հետ է, բայց դա նաև պատասխանատվություն է: Ես միշտ պետք է լավ ելույթ ունենամ, որպեսզի պահպանեմ նման ոգևորվածությունը:
Շատ յուրահատուկ զգացում է, երբ գիտես, որ ամբողջ ազգը հետևում է քեզ, սակայն դաշտ մտնելիս ես կենտրոնանում եմ միայն խաղի վրա»:
Marca-ի լրագրողներն անդրադարձել են նաև Մխիթարյանի ամենահայտնի գոլին՝ կարիճ հարվածով: Մխիթարյանը նշել է, որ այդ գոլն իր լավագույն գոլն է, սակայն ամենակարևորը Եվրոպա լիգայի եզրափակչում խփած գնդակն է:
Մխիթարյանը նշել է նաև, որ չի սահմանափակում իրեն միայն որոշակի ֆիզիկական աշխատանքով:
«Անընդհատ պետք է աշխատեմ ավելի լավը դառնալու և կատարելագործվելու համար: Աշխատում եմ մեծ եռանդով, ինչպես արել եմ ողջ կարիերայիս ընթացքում»:
Խոսելով առաջիկա մրցաշրջանի մասին՝ Մխիթարյանը նշել է, որ իրենք նպատակ ունեն հաղթել ամեն խաղում:
«Չեմպիոնների լիգան մեր ԴՆԹ-ում է: «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգան է, և՝ հակառակը»:
Հայկական ֆուտբոլի զարգացման մասին զրույցում Հենրիխը նշել է, որ հետագայում ուրախ կլինի հայ ֆուտբոլիստներին սովորեցնել իր ֆուտբոլային փիլիսոփայությունը:
Սիրարփի Աղաբաբյան