Բեռլինի կայսերական համալսարանում ուսումն ավարտելուց հետո Կոմիտասը 1899 թվականին վերադառնում է Էջմիածին: Գևորգյան ճեմարանում նա սկսում է վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ դասավանդելով երաժշտություն։ Կարճ ժամանակում Կոմիտասը կարողանում է արմատականորեն փոխել և արդիականացնել երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում: Այդ ժամանակ էր, որ Կոմիտասը հավաքագրեց ու սկսեց ղեկավարել Գևորգյան ճեմարանի սաներից բաղկացած բազմաձայն երգչախումբը:
Կոմիտասը կարողանում է ճեմարանի երգչախմբի կատարողական մակարդակը հասցնել այնպիսի բարձր վարպետության, որ 1900-ական թվականների սկզբից երգչախումբը սկսում է արդեն համերգներով հանդես գալ Անդրկովկասի հայաշատ քաղաքներում: Կոմիտասի՝ փայլուն երաժշտի ու երգահանի համբավն ու ժողովրդականությունը գնալով տարածվում է ամենուր: Կազմակերպչական առումով այդ համերգների ընթացքը նորարական էր հայ իրականության համար: Համերգի սկզբնամասում Կոմիտասը նախ դասախոսություն էր կարդում հայկական ժողովրդական երաժշտության մասին, ապա երգչախումբը Կոմիտասի երաժշտավարությամբ կատարում էր մեծ երգահանի կողմից պատմական Հայաստանի տարբեր շրջաններում հավաքագրած ժողովրդական երգերը: Համերգին առանձին երգերի կատարումներով հանդես էր գալիս նաև ինքը՝ Կոմիտասը:
Ջանփոլադյան թատրոնի շենքը Երևանում (ներկայումս քանդված է), որտեղ 1908 թ.-ին կայացավ Կոմիտասի երգչախմբի համերգը:
Համերգների այս շարքում Կոմիտասն իր երգչախմբով ելույթ ունեցավ նաև Երևանում: Մեծ երգահանի կյանքի ժամանակագրությունը վկայում է, որ այդ համերգը կայացել է 1908 թվականի փետրվարի 22-ին, և այն դարձավ Երևանի պատմության համար դարասկզբի ամենավառ մշակութային էջերից մեկը: Համերգը տրվեց Ջանփոլադյանի թատրոնի շենքում: Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող այդ շինությունը ներկայումս չի պահպանվել՝ խորհրդային տարիներին այն հայտնի էր որպես «Սպայի տուն»: Շենքում նախկինում գործել էր գավառական ուսումնարանը, քաղաքային ակումբը: Հետագայում շենքը ձեռք է բերում երևանաբնակ գործարար և բարերար Եսայի Ջանփոլադյանը և հիմնովին վերակառուցելով՝ դարձնում է այն հարմարավետ դահլիճով ու բեմով թատրոն: Ջանփոլադյանի թատրոնի բացումը կայացել էր 1907 թվականի փետրվարին՝ Կոմիտասի համերգից ուղիղ մեկ տարի առաջ:
Կոմիտասը Երևանում մեծ ընդունելության արժանացավ: Ինչպես վկայել են ժամանակակիցները, Կոմիտասի երևանյան համերգին դահլիճը լեփ-լեցուն էր: Այստեղ է հավաքված եղել քաղաքի հասարակության ողջ սերուցքը՝ Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանի և քաղաքային դումայի պատգամավորների գլխավորությամբ:
Համերգից առաջ Կոմիտասը, ինչպես միշտ, հայ ազգային երաժշտությանը նվիրված բովանդակալից դասախոսություն է կարդացել: Երեք բաժնից բաղկացած համերգի ընթացքում Գևորգյան ճեմարանի 80 հոգանոց քառաձայն երգչախումբը կատարել է Կոմիտասի մշակած 30 ստեղծագործություն:
Համերգի ընթացքում Կոմիտասի երգչախմբի ամեն մի կատարում ընդունվում էր մեծ ոգևորությամբ, հիացմունքով ու բուռն ծափահարություններով, իսկ որոշ երգեր երգչախումբը դահլիճի պահանջով կատարել է երկու-երեք անգամ: Կոմիտասի երևանցի երկրպագուների մեծ բազմություն է հավաքված եղել նաև դրսում՝ դահլիճից դուրս: Համերգի վերջում Կոմիտասը հանդես է եկել իր հանրահայտ «Անտունի» երգի հուզիչ ու անկրկնելի կատարմամբ: