Cleveland Clinic-ի (ԱՄՆ) վիրաբույժները կլինիկայում առաջին անգամ իրականացրել են դեմքի փոխպատվաստում, հիվանդը 21-ամյա աղջիկ է, որի դեմքը այլանդակվել էր հրազենային վիրավորման հետևանքով դեռ դեռահասության տարիքում, որից հետո նա կորցրել էր նաև խոսելու, շնչելու ու ծամելու ունակությունը։
Վիրահատությունը, որը իրականացրել են այս տարվա մայիսին, տևել է 31 ժամ։ Կլինիկայի ներկայացուցիչների խոսքով դա դեմքի թվով երրորդ փոխպատվաստումն էր կլինիկայում ու առաջին ամբողջական փոխպատվաստումը։ Վիրաբույժների թիմը հիվանդին փոխպատվաստել է գլխի մաշկը, աչքի կոպերը, քիթը, ատամները, դիմածնոտային մկանների ու նյարդերի մեծ մասը, որոնք ապահովում են դեմքի մակերեսի զգայունակությունը։
Վիրահատության համար դոնորական նյութը վերցվել էր վերջերս մահացած մարդուց։ Քանի որ փոխպատվաստվել է դեմքի հյուսվածքի միայն բարակ մակերեսը, այն պահելու համար վիրաբույժները պատրաստել էին հատուկ կարկաս։ Հետագայում հիվանդը ստիպված է լինելու երկար ժամանակ ընդունել իմունոդեպրեսանտներ՝ դեղամիջոցներ իմունային համակարգի կողմից վանող արձագանքը ճնշելու համար։
Հիվանդի ու դոնորի անունները կլինիկայի ներկայացուցիչները չեն հայտնում, բայց նշում են, որ աղջիկը ԱՄՆ-ում ամենաերիտասարդ հիվանդն է, ում դեմք են փոխպատվաստել։
Մասնագետների գնահատականներով վիրահատությունը հաջող է անցել։ Հիմա հիվանդը պետք է անցնի երկարատև ռեաբիլիտացիա, որից հետո նա կկարողանա վերադառնալ նորմալ կյանքի։ Երբ աղջիկն ամբողջովին վերականգնվի, նրան սպասելու է ֆիզիոթերապևտիկ բուժում, որի ժամանակ նա նորից սովորելու է ուտել, ժպտալ, խոսել ու նույնիսկ համբուրվել։ Վիրաբույժները շեշտում են, որ ամիսներ են անցնելու մինչև այտուցները իջնեն, ու հնարավոր լինի տեսնել նոր դեմքի դիմագծերը։