Ցավոտ էնդոմետրիոզը կանանց թույլ չի տալիս հղիանալ. med.news.am
Advertisement 1000 x 90

Ցավոտ էնդոմետրիոզը կանանց թույլ չի տալիս հղիանալ. med.news.am

Ցավոտ էնդոմետրիոզով տառապող կանայք բեղմնավորվելու համար զգալիորեն ավելի շատ ժամանակի և անպտղության ավելի երկարատև բուժման կարիք ունեն, քան նրանք, ում մոտ էնդոմետրիոզի ախտանիշները պակաս են արտահայտված: Այս մասին հայտնում են Descartes University-ի (Ֆրանսիա) հետազոտողները:

Դրանից բացի, ցավոտ էնդոմետրիոզով կանայք նաև ավելի հաճախ են դեռևս մինչև հղիանալը վիրաբուժական միջամտության կարիք ունենում: Ըստ երևույթին, բանն այն է, որ այսպիսի կանանց մոտ ավելի հաճախ են պատահում մարմնի մեջ խորը տեղադրված հատվածներ, որոնք ախտահարված են հիվանդությամբ, ներառյալ աղիները:

Հետազոտության ընթացքում ֆրանսիացի գիտնականները հետևել են էնդոմետրիոզի ախտորոշմամբ կանանց առողջական վիճակին: Նրանցից 422 կին բնական բեղմնավորման ունակ չէր նաև մեկ տարի փորձելուց հետո: Երբ նրանք իրենց ցավը գնահատել են 10-միավորանոց սանդղակով, 289-ի գնահատականը եղել է 7 և ավելի: Գիտնականները նաև հետևել են այս կանանց վիրաբուժական միջամտությունների արդյունքներին:

Պարզվել է, որ էնդոմետրիոզի դեպքում ամենացավոտ ախտանիշներով կանանց բեղմնավորման համար զգալիորեն ավելի շատ ժամանակ էր անհրաժեշտ: Նրանք նաև ավելի հաճախ են վիրաբուժական միջամտությունների և հղիանալու նպատակով անպտղության բուժման տարատեսակ մեթոդների անհրաժեշտություն ունեցել:

Էնդոմետրիոզին բախվում է կանանց մոտ 10 տոկոսը, ըստ որում՝ մեծ մասը վերարտադրողական տարիքում, այսուհանդերձ՝ հիվանդության մասին տեղեկությունները բավականին սակավաթիվ են: Էնդոմետրիոզի ժամանակ էնդոմետրիումի բջիջները գերաճում են այդ շերտի սահմաններից:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց ստացած եզրակացությունները կնպաստեն այս խանգարման ընթացքի վերաբերյալ կանանց և բժիշկների ավելի շատ իրազեկվածությանը, ինչը կօգնի այն ավելի վաղ և ճշգրիտ ախտորոշել:

med.news.am