Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացրած, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը: Վերջինով արգելվելու է մեջլիսում պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24-ը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել են, որ քննարկումներ անցկացնելու մեջ որևէ իմաստ չեն տեսնում ու լքել են դահլիճը՝ չմասնակցելով քվեարկությանը:
Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողով ներկայացված օրենքների փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթները հնչեցնելուն:
Ըստ փոփոխությունների՝ պատգամավորները կուսակցության խմբակցության առաջարկները ներկայացնելիս առավելագույնն ունենալու են հինգ րոպե: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից:
Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոր 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):
Փոփոխությունների այս առաջարկին դեմ են հանդես եկել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը: Վերջինիս հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով 2017 թվականին պատժվել էր մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, փոփոպությունների առաջարկն անվանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկ»:
Օրենքների փաթեթը քննադատել էր նաև քեմալական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը՝ նշելով, որ դրանցով պարզապես փորձ է արվում մեջլիսում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը: «Անկասկած, ոչ ոք չպետք է և չի վիրավորի թուրք ժողովրդի պատմությունն ու համատեղ անցյալը: Սակայն ի՞նչ կասեք մյուս ազգերի համար: Օրինակ հայ ժողովրդի պատմությունը կարելի՞ է վիրավորել»,- ասել էր պատգամավորը:
Գարո Փայլանը 2017 թվականի հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից: