Թե ինչ պատահեց, երբ սուպերմարկետից կես լիտր օղի պակասեց. դատական գործ՝ 1050 դրամանոց օղու կողոպուտի համար. hetq.am
Advertisement 1000 x 90

Թե ինչ պատահեց, երբ սուպերմարկետից կես լիտր օղի պակասեց. դատական գործ՝ 1050 դրամանոց օղու կողոպուտի համար. hetq.am

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է գործ, որով անցնող ամբաստանյալը մեղադրվում է կես լիտր օղի կողոպտելու մեջ:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի` ամբաստանյալ Նորայր Մելքոնյանը 2017թ. մայիսի 10-ին, Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով անցնելիս մտադրվել է այնտեղից հափշտակել օղի:

«Իրականացնելով հանցավոր մտադրությունը` Նորայր Մելքոնյանը մտել է «Կրպակ» սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոնի տակ թաքցրել 1050 դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել է գաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր հրահանգել են կանգնել, իսկ Նորայր Մելքոնյանը, գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը, դիմել է փախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից` իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը»,- ասված է գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ:

Այսօր այս գործով առաջին դատական նիստն էր նշանակված, որին ամբաստանյալի շահերը պաշտպանելու համար ներկայացել էր հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը: Պաշտպանը, սակայն, չներգրավվեց. ամբաստանյալ Մելքոնյանը դատարան չէր ներկայացել, որի պայմաններում դատական նիստը ենթակա է հետաձգման:

Նշենք, որ նախաքննության ընթացքում Մելքոնյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջացել, հայտնել, որ օղին վերցրել է՝ հաց ուտելիս խմելու համար:

Ամբաստանյալը նախկինում դատվածություն չի ունեցել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Քրեական օրենսգրքի 72-րդ, 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում:

Քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն` առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը:

Քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն` առաջին անգամ հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:

Այսօր դատարան էր ներկայացել նաև գործով տուժող ճանաչված «Կրպակ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը: Վերջինս հայտնեց, որ ամբաստանյալ Մելքոնյանը ՍՊԸ-ի հետ հաշտվելու ուղղությամբ որևէ քայլ չի արել, այսինքն՝ տվյալ դեպքում առկա չէ Քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով գործը կարճելու հիմք:

Գործը դատարանում է, և, փաստորեն, քննություն իրականացնող մարմինը չի տեսել գործը կարճելու այլ հիմք ևս:

hetq.am