Հրաշալի օր, հանդիպում էր. մոսկվաբնակ պարուհի Մարինա Մարտիրոսյանը Հայաստանում է. aysor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հրաշալի օր, հանդիպում էր. մոսկվաբնակ պարուհի Մարինա Մարտիրոսյանը Հայաստանում է. aysor.am

Վերջին տարիներին մոսկվաբնակների շարքերը համալրած պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանն այս օրերին Երևանում է գտնվում: Նրան ուղեկցում են իր երկու փոքրիկները, օրեր անց կմիանա նաև ամուսինը: Ներկայումս ամուսնու ծնողների տանն է հյուրընկալվել, մի քանի օր էլ պատրաստվում է իր ծնողների մոտ մնալ՝ մինչև ամուսինը կվերադառնա:

«Վերջին անգամ Հայաստան եկել էի նախանցած տարի, հասցրել էի շատ կարոտել հայրենիքս: Հուլիսի 16-ից բալիկներիս հետ այստեղ եմ, օգոստոսի սկզբին էլ ամուսինս կգա: Այնպես ստացվեց, որ այս տարի նաև ամուսնուս քույրիկն իր երեխաների հետ Բելգիայից եկավ… Իմ զգացողությամբ՝ Երևանն այս ընթացքում չի փոխվել, բայց շատ բան դեռ չեմ հասցրել տեսնել, գուցե հետո՞ փոփոխություններ նկատեմ: Ամեն դեպքում, կցանկանայի, որ դրանք դրական փոփոխություններ լինեին», – Aysor.am-ի հետ զրույցում նշեց պարուհին:

Գալուց անմիջապես հետո Մարինան առաջինը ծնողներին է այցելել: Ընկերների հետ հանդիպումները սկսել է երեկվանից: Նկատում է՝ ամեն ինչ անելու է, որ մինչև մեկնելը տեսնի բոլոր ընկերներին, գործընկերներին ու հարազատներին:

«Երեկ հանդիպեցի իմ հին ու շատ լավ ընկերներից երկուսին՝ մեծ թենիսի մարզիչներ Լուսինեին ու Գրիգորին: Նրանք ինձ հրավիրել էին թենիս խաղալու: Գիտեք, ես ժամանակին տարվել էի այդ արքայական սպորտաձևով ու իրենց մոտ մարզվում էի: Բայց գրեթե 6-7 տարի չէի խաղացել, կարծում էի՝ մոռացած կլինեմ ու չեմ կարողանա խաղալ: Բայց արի ու տես, որ մկանային հիշողությունը գործում է: Հրաշալի օր, հանդիպում էր, որից հետո բալիկներիս տարա լողավազան: Այսօր էլ 4 մտերիմ, անբաժան ընկերուհիներիս եմ հանդիպելու, որոնց հետ 23 տարվա ճանապարհ ունենք անցած», – ժպիտով մանրամասնեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս են իրենց զգում փոքրիկները՝ խոստովանեց.

«Աղջիկս արդեն հասկանում է, գիտի, որ սա իր հայրիկի ու մայրիկի հայրենիքն է և շատ է սիրում Հայաստանը: Տղաս էլ, թեև փոքր է, բայց գիտի ամենակարևորը՝ Հայաստանում իր տատիկներն ու պապիկներն են»:

Երիտասարդ ընտանիքը հայրենիքում կանցկացնի մինչև օգոստոսի վերջ: Թեև իրենց համար հանգստյան պլան չեն մշակել, բայց հստակ գիտեն՝ ո՞ւր են ցանկանում գնալ և ի՞նչ նպատակով:

«Հավանաբար, ամուսնուս գալուց հետո Արցախ կմեկնենք, լեռնային արշավ կկազմակերպենք ընկերների հետ: Նա նաև Ամբերդը չի տեսել, շատ է ուզում գնալ այնտեղ, կարծում եմ՝ կիրականացնենք: Վստահ եմ, հետաքրքիր օրեր են սպասվում, բայց ժամանակից առաջ չեմ ընկնի, ինչպես կանցնի՝ կանցնի», – մեզ հետ զրույցը եզրափակեց Մարինա Մարտիրոսյանը:

Ամբողջությամբ՝ aysor.am



Նման նյութեր