«Մենք կկարողանանք Հայաստանը դարձնել առաջին օրգանիկ երկիրն աշխարհում». ամերիկացի գործարար
Advertisement 1000 x 90

«Մենք կկարողանանք Հայաստանը դարձնել առաջին օրգանիկ երկիրն աշխարհում». ամերիկացի գործարար

ԱՄՆ-ից ժամանած Հանթըր Գեյլոն, Ջոզեֆ Դել Պրետեն և Ռուբեն Մկրտչյանը ստեղծել են հայ-ամերիկյան ընկերություն, որով ցանկանում են Հայաստանում ստեղծել արդյունաբերություն՝ սննդամթերք և պահածոներ զարգացնելու և արտահանելու: Նրանք ուզում են Հայաստանը դարձնել օրգանիկ  առաջին երկիրն աշխարհում: Առաջարկն արդեն հավանության է արժանացել ՀՀ և Արցախի կառավարությունների կողմից: Կազմակերպությունը պատրաստվում է գործարաններ հիմնել Հայաստանում և Արցախում:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ  Ստամբոլցյանն իր խոսքում նշեց, որ 21-րդ դարն արհեստական նյութերի դար էր, հողը պարարտացվում էր ոչ բնական նյութերով, քիմիական նյութերով, և նույնիսկ դարձավ այն աստիճանի, որ սկսվեցին արհեստական բեղմնավորումները։

«Այս խնդիրը մարդկությանը ստիպում է հետ կանգնել արհեստական նյութերից, և հիմա ամբողջ աշխարհը փորձում է վերագտնել բնականը։  Դրա համար ամերիկացիները ստեղծել են հայ-ամերիկյան գործարար ընկերություն, որի ամբողջ նպատակն է՝ աշխարհում առաջին անգամ Հայաստանը դարձնել օրգանիկ, առողջ, բնական գյուղատնտեսական արտադրանքի երկիր։  Այս ծրագիրը Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից հավանության է արժանացել, և ավելին, առաջարկել են, որ ծրագիրը հովանավորի ՀՀ կառավարությունը»,- նկատեց պարոն Ստամբոլցյանը։

Ռուբեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ գաղափարը ծնվել է 7 տարի առաջ, երբ ամերիկացիները համտեսել են հայկական ուտելիքները։ Նրա խոսքով՝ իրենց նպատակն է՝ այնպես անել, որ հայկական ապրանքը ներմուծվի ԱՄՆ.

«Հայկական արտադրանքն արդեն կա ամերիկական խանութներում, այսինքն՝ մենք ունենք հնարավորություն և կապեր, որ ՀՀ ապրանքները ներմուծենք ԱՄՆ՝ չնայած արդեն մենք սկսել ենք գործընթացը»։

Պարոն Մկրտչյանը նկատեց, որ ցանկացած երկրի համար շատ կարևոր է հողագործությունը, բայց Հայաստանի համար՝ առավել ևս, որովհետև «մենք ունենք հող, աշխարհը չունի».

«Բոլոր հիմքերը կան, որ հայաստանյան ապրանքը մտնի մեծ շուկա։ Երբ ասում ենք՝ մթերքի ներմուծում, միայն թարմ մթերքը նկատի չունենք, խոսքը նաև չրեղենի մասին է։ Պլանավորում են նաև ուրիշ ապրանքներ՝ նույնիսկ տեքստիլ, հագուստ»։

Հանթըր Գեյլոն, որը առաջին անգամ էր ժամանել Հայաստան շատ տպավորված էր և ասաց, որ հայերն անհավատալի հյուրասեր ազգ են։
«Մեր նպատակը շատ կարևոր է՝ ինչպե՞ս օգտագործել նորագույն տեխնոլոգիաները և բիզնեսն աշխարհի խնդիրները լուծելու համար՝ սկսելով այստեղից՝ Հայաստանից։  Շատ ոգևորված ենք, որ մեր բանակցությունները սկսվեցին կառավարության հետ։ Ընձեռված հնարավորությունների շնորհիվ մենք Հայաստանը կկարողանանք դարձնել առաջին օրգանիկ երկիրն աշխարհում»,- նկատեց գործարարը։
Վերջինիս խոսքով՝ իրենք պլանավորում են այստեղ ոչ միայն՝ գործարաններ հիմնել, որոնք կզբաղվեն նռան կամ ծիրանի արտադրությամբ, նրանք ցանկանում են մարքետինգային կողմից ցույց տալ, որ Հայաստանը վաճառել է ավելի բարձր որակով և թարմ արտադրանք։

Պարոն Հանթըրի խոսքով՝ նրանք պատրաստվում են Հայաստան բերել նորաստեղծ տեխնոլոգիաներ. «Մեր օգտագործած տեխնոլոգիաները շատ յուրահատուկ են, դրանք  ստեղծվել և արտադրվում են ԱՄՆ-ում։ Այդ տեխնոլոգիաները թույլ կտան ֆերմերներին  բարձրացնել գյուղատնտեսական արտադրանքի աճը։ Հայաստանն այդ առումով կարող է լինել առաջին երկիրը, որը կկիրառի այդ տեխնոլոգիաները և կարտադրի 100 տոկոսանոց օրգանիկ մթերք»։

Գործարարը նշեց, որ օգտագործելով նոր տեխնոլոգիաները՝ ֆերմերները ոչ միայն կկարողանան բարձրացնել իրենց մթերքների արտադրությունը, թարմ, առողջ սննդի որակը Հայաստանում, այլև սա կօգնի մեծ ներդրումներ ունենալ դրսից՝ ամբողջ երկրի ենթակառուցվածքներում։

«Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները, որ արտադրենք ապրանքներ, որոնց վրա գրված կլինի՝ «արտադրված է Հայաստանում», և բոլորը կիմանան, որ այն 100 տոկոս թարմ է, օրգանիկ»,- ասաց Հանթըր Գայլոն։

Նա նկատեց նաև, որ իրենց  նպատակն է նաև՝ բարձրացնել համախառն ներքին արդյունքը։

Հարցին, թե ինչքա՞ն գումար կծախսվի այս ծրագրի վրա, պարոն Հանթըրը նշեց, որ պետք է ծախսվի մի քանի հարյուր դոլար, և նրանք արդեն գտել են որոշ ներդրողներ, որոնք մեծ հետաքրքրություն են դրսևորում այս ծրագրի նկատմամբ։

Ռոզա Հակոբյան