Այս տարի հայ արիները և համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանության Հոգևոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչների հետ Վարդավառի տոնը կնշեն հուլիսի 22-ի երեկոյից մինչև հուլիսի 23-ի երեկո:
Նախորդ տարի նրանք տոնը նշել էին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում‘ Երևանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին, երեք խմբեր եղել էին Գեղարքունյաց (Սևանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) և Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, չորրորդ խումբը եղել էր Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը՝ Արաքս գետի ափին:
Այս տարի Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը, կնշվի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին գտնվող փոքրիկ ու հրաշք լճակի կողքին:
Տոնը կսկսվի այսօր ուշ երեկոյան՝ սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը: Հայ Արիական Միաբանության քրմական դասի ներկայացուցիչները բացատրում են, որ գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, և այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է: Սրբազան գաղտնածեսը կանի քուրմ Արմոգը:
Հետո քրմերը, արիներն ու հեթանոս ազգայնականները կպատրաստվեն լուսադեմի փառաբանման ծեսին՝ լճակի շուրջ բոլորը շարելով դաղձի և ուրցի թրմաջրերով լի 5-ական սրվակներից կազմված ծաղկաձև շղթաներ և վարդի թերթիկներից պատրաստված օշարակով լի 5-ական գավեր: Ի դեպ, այս 5-ը պատահական չէ, այն Աստղիկ Աստվածուհու թիվն է:
Ճիշտ արևածագին, արևին դեմ հանդիման, կսկսվի փառաբանման ծեսը, որի համաձայն, օշարակն ու թրմաջուրը պիտի շաղ տրվեն լճի մեջ՝ ի փառս Աստղիկ Աստվածուհու և ի նշան հայոց աղջիկների նրբաբույր սիրով պարուրվելու, հարդարվելու ավանդության:
Աստվածընծա այս ջրով օրհնվելուց հետո կսկսվի ծիսախաղը: Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու քրմերը Աստղիկ Աստվածուհուց կխնդրեն, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի և ոչ թե բիրտ: Այնպես՝ ինչպես Հայոց ռազմի, զորության Աստված Վահագնի ուժն է նուրբ ու արդար պահում Աստղիկի սերը, և այդ սերն ինչպես է զորավոր ու արդար լինում Վահագնի զորությամբ պարուրված:
Փառաբանման ծեսին կհետևի ջրախաղը՝ խաղիկների ու պարի ուղեկցությամբ:
Ջրախաղից հետո տոնի մասնակիցները Աստղկան ծիսական ուտեստներ կհամտեսեն՝ հատապտուղներից, թթից, մեղրից ու փոխնդալյուրից պատրաստված անուշեղեն կվայելեն: Սա արդեն առանձնահատուկ ավետիս է դառնում այն բանի, որ երբ զարթնում է Հայը, նա պեղում ու վերակագնում է ակունքային ամեն ինչ՝ ազգային խոհանոցը, խաղիկները, տաղերը, պարերը…
Վարդավառի տոնը կավարտեն Աստղիկ Աստվածունուն ուղղված ձոնով՝ հայերի սրտերը միշտ սիրառատ ու ուժեղ պահելու խնդրանքով, կփառաբանեն Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
Օրվա վերջում քրմական դասի ներկայացուցիչները կհավաքվեն Հայ Արիական Միաբանության երևանյան գրասենյակում՝ աշխատանքային և կազմակերպական հարցեր քննարկելու համար:
Լուսանկարները՝ Լուսին Դավթյանի