Հայաստանում, Կապան քաղաքում գրանցվել է Լայմի հիվանդացության 2 դեպք, ևս մեկ դեպք ուսումնասիրվում է։ Ըստ NEWS.am Medicine-ի տվյալների՝ վարակվածները 3-10 տարեկան երեխաներ են։ Այս պահին նրանք գտնվում են Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման կենտրոնից Լուսինե Պարոնյանը նշեց, որ Լայմի հիվանդությունն առայժմ հաստատվել է միայն երկու հիվանդների մոտ, երրորդ երեխայի մոտ կասկածում են այդ հիվանդությունը, սակայն ճշգրիտ ախտորոշումը երկուշաբթի հայտնի կդառնա։
Մասնագետի խոսքով, Հայաստանում չկա Լայմի հիվանդության բռնկման վտանգ․ տիզերի կողմից տարածվող հիվանդությունները, ի տարբերություն մոծակների կողմից տարածվողների, հազվադեպ են դառնում բռնկումների ու համաճարակների պատճառ։
Լայմի հիվանդությունը, որը նաև հայտնի է, որպես տիզային բորելիոզ, ինֆեկցիոն, գերազանցաբար տրանսմիսիվ հիվադնություն է, որը մարդուն փոխանցվում է Ixodes-ի մի քանի տեսակներին պատկանող տիզերի խայթոցի միջոցով։
Լայմի հիվանդության վաղ դրսևորումները կարող են ներառել ջերմություն, գլխացավեր, հոգնածություն ու բնորոշ մաշկի ցան, որը կոչվում է տեղաշարժվող էրիտեմա։