Մահացել է «Linkin Park» խմբի վոկալիստ Չեսթեր Բեննինգթոնը։ 41-ամյա վոկալիստն ինքնասպանություն է գործել հինգշաբի օրը մինչ առավոտյան ժամը 9-ը։ Նրան գտել են կախված իր տանը։ Երբ նա ինքնասպանություն է գործել, տանը եղել է մենակ, ընտանիքը քաղաքից դուրս է եղել, իսկ նրա մարմինը գտել է աշխատակիցներից մեկը։
Չեսթեր Բեննինգթոն ամուսնացած էր և ուներ 6 երեխա՝ երկու ամուսնություններից։ Նա Լոս Անջելես էր ժամանել չորեքշաբթի օրը, մինչ այդ կնոջ հետ եղել է Արիզոնայում, բայց կինը նրա հետ չի վերադարձել։
Ընտանիքի անդամները և ընկերներն ասում են, որ իրենք շոկի մեջ են, և այս ամենն իրենց համար անսպասելի է եղել։
Չեսթեր Բեննինգթոնն ինքնասպանություն է գործել իր վաղեմի ընկերոջ՝ Քրիս Քորնելի ծննդյան օրը, որը ևս ինքնասպանություն էր գործել 2017 թ. մայիսին։ Վերջինս Soundgarden խմբի անդամներից էր։
«Քրիսը և Չեսթերն այնքան մտերիմ էին, և Չեսթերը նրա մահից հետո ինքն իրեն նման չէր»,- DailyMail-ի հետ զրույցում ասել է մահացածի ընկերներից Ռադարը։
Բեննիգնթոնը Քրիս Քորնելի հուղարկավորության արարողության ժամանակ կատարել է «Հալելույա» երգը։
Առավոտյան վոկալիստի հետևից իր տուն է եկել խմբի անդամներից մեկը և ոստիկանության անդամներին տեսնելուց հետո՝ հենց այդ պահին իմացել է կատարվածի մասին։
Վոկալիստը ժամանակին կախվածություն է ունեցել թմրանյութերից և ալկոհոլից։ Նա սկսել է ծխել 11 տարեկանից, երբ բաժանվել են ծնողները, որից հետո էլ սկսել է օգտագործել թմրանյութեր։ Թմրանյութերից և ալկոհոլից կախվածությունից բուժվել է իր երկրորդ կնոջ հետ ամուսնանալուց հետո և նշել, որ սկսել է փոխվել 2007-ից։
Ինքնասպանությունից առաջ տված հարցազրույցներից մեկում Բեննինգթոնը նշել է, որ դժվար է դուրս եկել դեպրեսիայից։
«Իմ կյանքում եղել են պահեր, երբ ես կամ պետք է հանձնվեի և մահանայի, կամ պայքարեի այն ամենի համար, ինչ ունեի։ Ես ընտրեցի պայքարելը, որովհետև ես ուզում էի լավ հարաբերություններ ունենալ, սիրել իմ կյանքում եղած մարդկանց, վայելել իմ աշխատանքը։ Ես ցանկանում էի լինել լավ հայր, ունենալ լավ ընկերներ և պարզապես վայելել առավոտյան քնից արթնանալը, որովհետև այդ ամենը պայքար էր ինձ համար»,- ասել է վոկալիստը։
Շաբաթներ առաջ երգչի կինը մի նկար էր հրապարակել, որտեղ իրենց 11-ամյա տղան՝ Թայլերը, հոր սուրճի բաժակի վրա մի երկտող էր թողել. «Հայրի՛կ, վայելի՛ր այսօրվա քո համերգային փորձն ու այն, ինչ անելու ես այսօր։ Սիրի՛ր կյանքը, որովհետև այն ապակե ամրոց է»։
«Ապակե ամրոց»՝ «Castle of Glass» անվանումն ունի Linkin Park խմբի շատ սիրված երգերից մեկը։
Linkin Park խումբը երգչի մահից ընդամենը երկու ժամ առաջ էր թողարկել իր նոր տեսահոլովակը, որը կոչվում է Talking To Myself
Խմբի վեցերորդ և վերջին ալբոմը, որը կոչվում է «One More Light», լույս էր տեսել մայիսին և գտնվում էր Billboard-ի թոփ 100 ձայնասկավառակների առաջին հորիզոնականում։
Խումբն այս ընթացքում ներկայանում էր իր հանդիսատեսին «One More Light» համերգային ծրագրով։ Երգչի մահից հետո համերգները դադարեցվել են։
Պատրաստեց Ռոզա Հակոբյանը