ԱՐԱՏՏԱ. Հայ ազգի պատմությունը՝ ըստ Նուռի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱՐԱՏՏԱ. Հայ ազգի պատմությունը՝ ըստ Նուռի

Հոկտեմբերի 14-21-ը Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի նորաձևության ամենամյա շաբաթին ներկայացվել է նաև հայկական նորաձևության հազվագյուտ  մի հավաքածու` նկարիչ-դիզայներ Նուռի մտահղացմամբ և նախաձեռնությամբ: Դիզայները հավաքածուն կոչել էր «Արատտա. իմ ազգի պատմության էջերը»:  «Երբ Ուրարտուն սեպագրից կարդում ենք հայերեն, այլ ոչ թե ասորերեն, ստացվում է՝ Արատտա: Պետություն, որ գոյություն է ունեցել մ. թ. ա.  3000 տարի առաջ, շումերների ժամանակ: Պատմությունը միշտ առաջնահերթ դեր է խաղում իմ աշխատանքներում: Առանց պատմության ես չեմ աշխատում»,- ասում է Նուռը:

 

Եվ այսպես, հոկտեմբերի 15-ին մոսկովյան բարձրագույն նորաձևության բեմում ցուցադրվեցին հայ ազգի պատմության էջերը, ոսկեղեն ոգին: Հին հայկական քաղաքակրթությունն ու արվեստի հազվագյուտ նմուշները մարմնավորել էին ազգությամբ ռուս մոդելները, որոնց դիզայները ձգտել էր հնարավորինս կերպարանափոխել` վերջիններիս հաղորդելով հայկականություն: «Այդ մոդելները 15-16 տարեկան ռուս աղջիկներն էին, որոնք չէին կարող հասկանալ հավաքածուի ամբողջ իմաստն ու խորությունը: Մեծ հաճույքով Հայաստանից աղջիկներ կտանեի, ուղղակի դա ֆինանսապես թանկ կարժենար: Շատ կարևոր էր մոդելների և՛ հայացքը, և՛ քայլվածքի ռիթմը: Փորձելով բացատրել այդ ամենը, ես ուղղակի խնդրեցի նրանց՝ փակել աչքերը և պատկերացնել, որ իրենք հրեշտակներ են, որոնց ոտքերը քայլելիս գետնին չեն դիպչում, և, ամենակարևորը, նրանք այն հրեշտակներն են, որոնք կրում են իրենց վրա մի ամբողջ ազգի պատմություն»,- ասում է դիզայները: «Արատտայի» նախապատրաստական աշխատանքները տևել են 7 ամիս. Նուռն ու իր կինը` մասնագիտությամբ տնտեսագետ Լիլիթը, օր ու գիշեր տքնել են` դիզայներական մտահղացումն իրականություն դարձնելու համար: Հավաքածուն ամբողջությամբ Նուռի մտքի և ձեռքի շնորհի արգասիքն է` և՛ կանացի պլաստիկան ընդգծող զգեստները, և՛ կոշիկները, և՛ գլխարկները: Բնականաբար, հավաքածուի մեջ հիմնական դիզայներական տիպաժները ոսկուց, արծաթից, բրոնզից կերտված` Նուռի թանկարժեք մանրաքանդակ զարդերն են` մատանիներ, թևնոցներ, ականջօղեր, անսովոր չափսերի վզնոցներ (մինչև գոտկատեղն ու ծնկները ձգվող):

pizap.com14706673025591

Ցուցադրության տեսագրությունը դիտելիս անհնար է չհիանալ ու չտպավորվել ինչպես բարձրարվեստ ու անսովոր հավաքածուի ոճականությամբ, այնպես էլ բեմականացման ինքնատիպությամբ: «Թանկարժեք և արժեքավոր նախագծի վրա ահռելի աշխատանք է տարվել: Նյութականից բացի, այն թանկ էր իր արդյունքներով ու իմաստով: Երբ քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում ցույց տալ քո ազգի պատմությունը, ապա պարտավոր ես դա անել լավագույն տարբերակով: Ինձ համար առավել պատասխանատու պահ էր, որովհետև մինչ այսօր որպես հագուստի մոդելյոր չեմ ներկայացել՝ չհաշված ուսանողական տարիների սիրողական աշխատանքները: Հավաքածուի մեջ հայ ազգի պատմության էջերը ես չեմ դասավորել ըստ ժամանակագրության, այլ ծաղկաքաղ եմ արել, որովհետև չեմ ցանկացել, որ այն դիտվի միայն որպես պատմություն: Ամբողջ հավաքածուն բաժանված է 12 ժամանակաշրջանի, 12 նվաճումների` մինչ քրիստոնեություն: Իմ կարծիքով, քրիստոնեությունից հետո հայ ազգը համարժեք մեծ նվաճում չի ունեցել: Ընդհանրապես իմ արվեստում շատ օգտագործում եմ սիմվոլիկա: Սիմվոլները հենց այնպես չեն հորինվում, նրանք անպայման կոնկրետ նշանակություն ունեն, և կոնկրետ ժամանակաշրջանի ու տարածաշրջանին են առնչվում»,- մեկնաբանում է Նուռը: Դիզայների երևակայությամբ՝ «Էրեբունի-Երևանը» սիմվոլիզացված է արալեզների, դիցաբանական կերպարների ու սեպագիր արձանագրության զարդապատկերներով, «Զվարթնոցը»` Զվարթնոցի արևային ժամացույցով ու քաղաքամուտքի զարդապատկերներով, «Կիլիկիան»` կենաց ծառով, «Նոյան տապանը»` Ուղտասարի ժայռապատկերներով, «Ջուղան»` Ջուղայի խաչքարերի զարդանախշերով, «Բրոնզե դարը»` առաջին բրոնզաձույլ գործվածքներով (Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ բրոնզ են ձուլել) և այլն:

Առանց Երևանի պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Թորոսյանի հզոր ձայնի՝ ներկա գտնվողներն ու միջազգային ԶԼՄ-ներն այդքան ակտիվ չէին արձագանքի հայկական ցուցադրությանը (սինքրոն ցուցադրվել է «Faishon TV»-ով, ինչն անսպասելի է եղել հավաքածուի հեղինակի համար):

Հասմիկը ողջ ցուցադրության ժամանակ կատարել է Կոմիտաս, այն էլ՝ ակապելլա (առանց որևէ գործիքի նվագակցության)։ «Եթե չլիներ Հասմիկի կատարումը, հավաքածուն չէր ընկալվի այնպես, ինչպես ընկալվեց: Իմ փնտրած տասնյակ աղջիկների մեջ (նաև սփյուռքում) նա միակն էր, ով կարողացավ 20 րոպե անընդմեջ սոպրանո երգել և օժտված էր մոդելին համապատասխան արտաքին տվյալներով: Շատերն ինձ ֆանտազյոր էին անվանում` ասելով, որ այսօր աշխարհում նման երգչուհի անհնար է գտնել: Հասմիկը հենց առաջին իսկ պահին վստահաբար ասաց, որ ինքը կարող է կատարել առաջադրանքը: Դահլիճում նստածներն անգամ չէին հավատում, որ դա կենդանի կատարում է: Ասում են՝ մոդայի աշխարհում նախադեպը չէր ցուցադրվել: Իսկ որպեսզի մարդիկ այն կարողանային հիշել և ընկալել, պետք է այդ ամենը նրանց դուր գար»,- ասում է ֆուրորային հավաքածուի հեղինակը: Առաջինը բրոնզաձույլ քանդակի համանմանությամբ Հասմիկն է բեմ դուրս եկել: Նուռի մեկնաբանությամբ, նա արևաշատ Հայաստանն է:

ասմիկի պարանոցի խաղողի վազեր հիշեցնող վզնոցը խորհրդանշում է հողը։ Վզնոցի ծայրամասում հողով լցված փոքրիկ սրվակ կա։ Այն կնոջ վերարտադրողական օրգաններին ուղղահայաց դիրքում է, ինչն էլ իր հերթին խորհրդանշում է պտղաբերություն և կյանքի սկիզբ: Ի դեպ, հավաքածուն նախատեսված չէ վաճառքի համար, չնայած այն գնելու բազմաթիվ առաջարկներին: «Երբևիցե հավաքածուից ոչինչ չեմ վաճառելու: Ես գնել ցանկացողներին ասացի, որ իմ ազգի պատմությունը չի վաճառվում: Միգուցե պաթետիկ է հնչում, բայց ես այն արարել եմ որպես ազգային հարստություն ու նվիրելու եմ ինչ-որ թանգարանի կամ պատկերասրահի: Այն տուրք է իմ պատմությանը, քանի որ եթե ես այսօր կամ ու ստեղծագործում եմ, ապա այդ պատմության հենքի վրա եմ ստեղծագործում»,- նկատում է դիզայները: «Արատտա» հավաքածուի ակցենտը հայոց պատմությունն ու քաղաքակրթությունը ներկայացնող անսովոր չափսերի արժեքավոր զարդերն են: Մոդելներն ու նրանց կրած հագուստն ընդամենը միջոց են` դրանց պերճությունը ցուցադրելու համար: Ըստ նկարիչ-դիզայներ Նուռի, մինչ օրս մեր ազգային նորաձևությունը ցուցադրվել է ժողովրդական մեթոդներով ու զարդանախշերով, որն ավելի շատ հասարակ ժողովրդի հագուստն է եղել: Փոխարենը աչքաթող են արվել ազնվական դասի, թագուհիների կերպարները, որոնք կրել են շատ թանկարժեք հանդերձանք: «Մեր ազգային նորաձևությունը հիմնականում ցուցադրվել է միակողմանի: Ի տարբերություն այլ ազգերի, մեր մոտ միշտ հակառակն է, միայն ժողովրդականն է համարվում հայկական: Կոմիտասն էլ չափազանց դասական ու վեհ է: Նա ազգային հարստություն է, բայց ոչ թե ժողովրդական»,- կարծում է Նուռը: Դեկտեմբերի 5-ին «Արատտա» դիզայներական հավաքածուի ցուցադրումը տեղի կունենա նաև Երևանում:

Նաիրա Մարտիրոսյան

«3 Միլիոն»