Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 24-31-ը Սևանա լճի ափին ընթանում է արդեն երկրորդ Sevan Startup Summit վրանային բիզնես-ֆորումը:
Վրանային ճամբարից առաջ համաձայնության հուշագիր են ստորագրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, «ԳլոբալԷյԷմ» հ/կ-ն, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախագիծը:
Ըստ ստորագրված համաձայնության՝ կողմերն ունենալու են ներգրավվածություն Sevan Startup Summit-ի կազմակերպչական աշխատանքներում: Վրանային ճամբարին կտրամադրվի ոչ միայն ֆինանսական և տեխնիկական աջակցություն, այլև կհրավիրվեն փորձագետներ և խոսնակներ արտերկրից:
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը նշում է, որ վրանային ճամբարն ու նմանատիպ միջոցառումները կօգնեն զարգացնել հայկական ստարտափները, ինչպես նաև կտան նոր շուկաներ գրավելու հնարավորություն: Ըստ Հակոբ Հակոբյանի՝ նմանատիպ համագործակցությունները պարտավորեցնող են:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախագծի ղեկավար Եվա Մարիա Նահերը նշում է, որ իրենք նպատակ ունեն հայկական ստարտափներին տալ օգտակար բիզնես խորհուրդներ:
Սիրարփի Աղաբաբյան
Ամբողջությամբ՝ 168.am