ԵԹԿՊԻ շրջանավարտները, մնջախաղաց Ջոն Ջեյքոբսը, Գերմանիա-Արցախ միջազգային նախագիծը, «Company Eat lt» խումբը հետաքրքրաշարժ բեմադրություններ ներկայացրեցին Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում:
ԵԹԿՊԻ շրջանավարտները ցուցադրեցին «Պարֆյումեր» բեմադրությունը, որը պատմում է 18-րդ դարում Փարիզում ապրող Ժան-Բատիստ Գրենույի մասին: Նա գերմարդկային հոտառություն ուներ և ցանկանում էր պահպանել կնոջ բուրմունքը՝ սպանելով նրանց: Ժան-Բատիստը ձգտում էր ստեղծել օծանելիք, որը կարող էր հնազանդեցնել ամբոխին ու ստիպել սիրահարվել:
«Բեմում գտնվելն արդեն իսկ մեծ կարևորություն ունի ինձ համար: Փառատոնը բոլորիս և՛ հանրության, և՛ տարբեր երկրներից Ծաղկաձոր եկած մնջախաղացների հետ հաղորդակցվելու համար հիանալի հարթակ է ստեղծում: Ծնվում են նոր գաղափարներ, նոր մտքեր, ստեղծագործելու նոր լիցքեր: Փառատոնի ընթացքում հարստացնում ենք մեր գիտելիքները»,-«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ նշեց «Պարֆյումեր» բեմադրության երիտասարդ ու խոստումնալից ռեժիսոր Մարի Սարգսյանը:
Հարավային Աֆրիկայից ժամանած Ջոն Ջեյքոբսը մանրապատումների ծրագրով հանդես եկավ:
«Company Eat lt» խմբի բեմադրությունը պատմում էր վաղ 90-ականներին՝ Արցախյան պատերազմի տարիներին, Հայաստանում ապրող կնոջ առօրյա կյանքի մասին, որը պետք է ծննդաբերի և գոյատևի դժվարին ժամանակներում:
Գերմանիա-Արցախ միջազգային նախագիծը ներկայացրեց «Դոն Կիխոտը» հետաքրքրաշարժ բեմադրությունը, որը պատմում է Դոն Կիխոտի մասին, ով երազելով քայլելիս հանդիպում է հողեղեն Սանչոյին: Նրանք շատ տարբեր են, բայց ընկերանում են ինչպես լույսն ու խավարը, ինչպես սևն ու սպիտակը:
Նախագծի անդամ Գենադի Առուշանյանն ասաց, որ ինքը սովորել է Արցախի մնջախաղի ստուդիայում, որտեղ պարբերաբար դասեր է տվել Յուրի Կոստանյանը: «Հետագայում ցանկություն հայտնեցի սովորել Ժիրայր Դադասյանի մոտ, ընդգրկվեցի նրա խումբ, սակայն չէի կորցնում կապն Արցախի հետ: Նա գտավ, որ ես բավականին ճկուն եմ ու կարող եմ հաջողությունների հասնել այս ոլորտում: Երբ Արթուրը Գերմանիայից եկավ Հայաստան, Դադասյանը նրան ուղարկեց մեզ մոտ: Արթուրը 3 ամիս Արցախի խուլերի հետ աշխատեց»,-ասաց Գենադին:
Նա շեշտեց, որ ներկայումս ինքը և Արթուրն են Արցախ-Գերմանիա նախագծում: «Արթուրն ասաց, որ երազում է Դոն Կիխոտ ներկայացում բեմադրել, և մենք մանրակրկիտ աշխատեցինք դրա վրա: Արդյունքում ինտերակտիվ համար ստացանք: Մեր Դույլսինեան դույլ է. փարձել ենք նար հումորով ներկայացնել Սերվանտեսի հայտնի գործը»,-ընդգծեց նա:
Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին Ծաղկաձորում: Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: 2016 թվականից փառատոնը դարձել է ամենամյա: Փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: