Տղամարդիկ՝ չգիտեմ, բայց կանանց օդի պես պետք ա գիտակցումը, որ իրենք սիրուն են. Սյունե Սևադա
Advertisement 1000 x 90

Տղամարդիկ՝ չգիտեմ, բայց կանանց օդի պես պետք ա գիտակցումը, որ իրենք սիրուն են. Սյունե Սևադա

«Բաբո, ինչ սիրուն ես»,- ասացի ես մի քանի օր առաջ՝ նկատելով, որ տատիկս մազերը կարճացրել ա։ Ու հետաքրքիր ժեստ նկատեցի․ շատ կանացի մազերը ուղղեց, ժպտաց ու գնաց։ Մտածեցի ու հասկացա, որ նման բան երբեք իրեն չէի ասել, անգամ չգիտեմ՝ ինչու։ Որովհետև ինքը շատ զուսպ մարդ ա, ավելորդ զգացմունքայնություն չունի, հարսնության տարիներից սովորություն ա, միշտ գլուխը կախ, ցածր խոսքով, աննկատ քայլվածքով ու բոլորին օգնելու, հասնելու, ամեն ինչ իր վրա վերցնելու անսահման նվիրվածությամբ։ Մենք քիչ ենք շփվում՝ չնայած շատ սիրում ենք իրար։ Ամեն օր առավոտյան մի քանի ժամով մեր տուն ա գալիս, որոշեցի մի քիչ բզբզեմ։ Ու չորս օր անընդհատ ասում եմ, որ սիրուն ա՝ խոսքի մեջ, պոլերին սղղալու ընթացքում, իր կողքից միրգ թռցնելուց, դուռը բացել-փակելուց։ Այսինքն՝ հնարավորինս բնական վիճակով, բայց գիտեմ, որ սա նոր նախադասություն ա իր կյանքում, ու պիտի որ նստի ենթագիտակցության մեջ։ Ինձ շատ հետաքրքիր էր՝ ինչ կփոխվի։ Ու փոխվեց։

Էսօր եկավ, մուգ կապույտ զգեստի փոխարեն հագել էր բաց դարչնագույն տոների մեջ զգեստ, գույները նույնպես մարդու հոգեվիճակի մասին են խոսում։ Եթե իր մյուս զգեստները փակում էին ձեռքերը, կրծքավանդակը, ապա սա շատ ավելի բաց էր, կիսաթև ու թեթև։ Վրայից շատ նուրբ թարմ-օճառային հոտ էր գալիս։ Ու տպավորություն էր, թե մեջքի ցավը չկա, շատ ուղիղ ու սիրուն էր կանգնած։ Եկավ, ինձ պաչեց (սենց բան ծնունդներին ա լինում), ոտքը կախ ա գցել ու նայում ա դեմքիս՝ սպասողական դիրքով։ Ես էլ իբր չեմ հասկանում։ Նայեց-նայեց, տեսավ շատ դոդ եմ, ձեռքը տարավ մազերն ուղղեց, հետո՝ զգեստի փեշերը, իբր՝ այ ախմախ, չես նկատո՞ւմ փոփոխությունը։ «Տատ, էս շորդ քեզ շատ ա սազում, շա՜տ լավն ես»,-վերջապես ասացի ես, ու բաբոս ժպիտով գնաց իր գործերին։

Տղամարդիկ՝ չգիտեմ, բայց կանանց օդի պես պետք ա գիտակցումը, որ իրենք սիրուն են։ Ներսից-դրսից, միշտ, ամեն վայրկյան։ Ես չէի մտածել, որ տատիկին էլ պետք ա հիշեցնել իր գեղեցկության մասին, ու այ սենց շատերս ենք մոռանում, դրա համար էլ ստանում ենք հոգնած հայացքով մամաներ, փնթփնթացող կանանց, դժգոհ ընկերուհիների։ Բայց պարզվում ա՝ մի բառը հրաշքներ ա գործում։ Անգամ եթե չեք ասում, նայեք իգական սեռին էնպես, որ հասկանան՝ սիրուն են, շատ-շատ սիրուն, աչքերը, միտքը, ձայնը, ժեստը, կարծիքը, կարդացած գրքի քննարկումը։ Ցույց տվեք, որ նույնիսկ հիմար պատրվակով կռիվ անելուց են գեղեցկություն ու կտեսնեք՝ ոնց կծաղկեն, կբացվեն, կփոխվեն։ Էդ հայացքը պիտի մեխվի տղամարդկանց դեմքերին, պիտի ցանկացած կնոջ նայեն էնպես, կարծես ինքը հրաշք ա, ամենաիսկական։ Ու կդառնան, բաբոս վկա:)))



Նման նյութեր