Աստանայում անցկացվող՝ Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած հեղինակավոր «Օպերալիա» վոկալի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ է անցել ռուսական օպերային հայազգի երգչուհի Քրիստինա Մխիթարյանը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ օպերայի և բալետի պետական թատրոն «Աստանա-օպերա»-ում հայտարարվել է մրցույթի կիսաեզրափակիչ անցած 25 երգիչների անունները:
Երկու օրվա ընթացքում միջազգային ժյուրին լսել և գնահատել է աշխարհի 17 երկրից 40 լավագույն երիտասարդ կատարողներին:
Լոնդոնի Քովենտ Գարդեն թագավորական օպերային թատրոնի տնօրեն Պիտեր Մարիո Կատոնան «Օպերալի»-ի ժյուրիի կազմում է 1999 թվականից: Արդեն 18 տարի նա ճանապարհորդում է մրցույթի մասնակիցների հետ: Նա նշել է, որ մասնակիցները ցուցաբերել են բարձր վարպետություն:
«Մեզ համար շատ բարդ էր ընտրել կիսաեզրափակչի մասնակիցներին, որովհետև այսօր Աստանայում հավաքվել են հրաշալի կատարողներ: Հատկապես այս տարի ուժեղ էին սոպրանո կատարողները: Ինձ համար հաճելի էր լսել Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի երկրների կատարողների ելույթները: Վստահ եմ, մրցույթի ավարտին մենք կունենանք լավ արդյունք»,-ասել է Պիտեր Մարիո Կատոնան:
Աշխարհահռչակ այս միջազգային մրցույթն առաջին անգամ է անցկացվում Ղազախստանում «Աստանա Էքսպո 2017» միջազգային մրցույթի մշակութային ծրագրի շրջանակում: