ATV–ի եթերում կմեկնարկի «Անհայտ հասցե» նախագիծը
Սեպտեմբերի 15–ից ATV–ի եթերում կմեկնարկի «Անհայտ հասցե» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանը։ «Անհայտ հասցե» -ն իր տեսակով միակ հեռուստանախագիծն է հայկական եթերաժամում, որտեղ մասնակիցները երկու ամիս շարունակ ապրելու են անտառներում ու լեռներում: Այս մասին Tert.am Life–ի հետ զրույցում հայտնեց նախագծի հեղինակ, պրոդյուսեր Սահակ Ասատրյանը։
«Ի տարբերություն նախորդ եթերաշրջանի, այս եթերաշրջանում մասնակիցները հայտնի չեն։ Նրանց մենք ընտրում ենք քասթինգի միջոցով։ Ինչ–որ հստակ սկզբունքներ չունենք, պարզապես մասնակիցները պետք է ունենան բարետես, եթերային արտաքին, պատրաստակամ լինեն հաղթահարել փորձություններ և այլն։ Նախագծում մասնակիցները, փորձելով հաղթահարել տարբեր փորձություններ, նրանք պետք է վաստակեն իրենց օրվա սնունդն ու ստանան միավորներ, ապա գործի դնելով զանազան հնարքներ` պետք է փորձեն շարունակել մասնակցությունը հեռուստանախագծում»,– ասաց Սահակը։
Վերջինս նշեց, որ հաղորդման նպատակն է քարոզել հայկական լեռնաշխարհը, առողջ ապրելակերպը։ «Հաղորդման շրջանակում մասնակիցները և ինչու ոչ հեռուստադիտողը կբացահայտի հետաքրքիր գաղտնիքներ, որոնց մասին քչերը գիտեն»,– հավելեց նա։
Երկրորդ եթերաշրջանում կլինի 22 մասնակից։ Սահակի խոսքով` ամեն շաբաթ մասնակիցներից մեկը քվեարկության արդյունքում դուրս կմնա խաղից։ «Քվեարկության մեջ մենք մի սկզբունք ենք մտցրել, որ փորձությունները հաղթահարած, ամենալավ ցուցանիշը ունեցող մասնակցին մյուսները չեն կարող քվեարկել։ Բայց նա կարող է քվեարկել և այլ մասնակցի դուրս հանել խաղից։ Հաղորդման ավարտին կունենանք հաղթող, որն էլ կստանա ուղևորություն դեպի Եվրոպա»,– նշեց պրոդյուսերը։
Հաղորդումը վարում է հեղինակ, հաղորդավար Արայիկ Համբարձումյանը։