Պաշտոնական այցով հուլիսի 25-ին Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանց ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը, Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը, Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին՝ կնոջ հետ, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացան 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը փաստող ցուցանմուշներին:
Ցախի Հանեգբին նշեց, որ տպավորված է հուշահամալիրով, որն, ըստ նրա, կհուզի յուրաքանչյուրին:
«Իսրայելը միշտ կարեկցել է հայ ժողովրդին, քանի որ եւ հայերը, եւ հրեաները վերապրել են այս ողբերգությունը իրենց պատմության մեջ: Հարցը մի քանի անգամ քննարկվել է Իսրայելի խորհրդարանում, մշտապես նշվել է նախագահի կողմից, եւ մենք այն միշտ պահելու ենք մեր սրտում եւ հոգում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց իսրայելցի նախարարը, ով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում կատարեց հետեւյալ գրառումը.
«Այցելելով այս թանգարան՝ յուրաքանչյուր ոք հանգում է երկու եզրակացության՝ այլեւս երբեք թույլ չտալ նման սարսափելի գործողություններ եւ երբեք չմոռանալ ողբերգությունը, այն մշտապես կենդանի պահել մարդկանց գիտակցության եւ հիշողության մեջ»,-գրել է իսրայելցի նախարարը: