Կենտրոնական Պորտուգալիայում հուլիսի 27-ին մի քանի հազար մարդ է տարհանվել տներից անտառային հրդեհների նոր ալիքի պատճառով: Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:
Առավել վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սերտան քաղաքի շրջանում, որտեղ այժմ տարերքի դեմ պայքարին մասնակցում է Պորտուգալիայի հրշեջ ծառայության անձնակազմի ավելի քան մեկ քառորդը:
Տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ ստիպված են եղել լքելու տները և տեղափոխվելու անվտանգ վայրեր: Երկու ավտոճանապարհներին փակվել է երթևեկությունը, դրանցից մեկում կրակը շրջափակել է 40 կիլոմետր երկարությամբ հատվածը: Պորտուգալիայում բնական հրդեհները նոր ուժով են վերսկսվել հուլիսի 23-ից: «Մեզ չի հաջողվում կանգնեցնել կրակը, որն առաջ է շարժվում չորս կամ հինգ ուղղություններով»,- մեջբերում է անում գործակալությունը 2 հազար բնակչությամբ Մակաու քաղաքի քաղաքագլխի խոսքից:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ հրդեհների մեծ վտանգը կպահպանվի մինչև աշուն:
Տարեսկզբից երկրում տեղի են ունեցել շուրջ 8 հազար բնական հրդեհներ, որոնց հետևանքով ոչնչացվել են 75 հազար հեկտար անտառներ: Հունիսին հրե տարերքը 64 մարդու կյանք է խլել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: