Տնտեսական աճի գաղտնիքը թաքնված է Սահմանադրականության մեջ. Հայկ Սարգսյան
Advertisement 1000 x 90

Տնտեսական աճի գաղտնիքը թաքնված է Սահմանադրականության մեջ. Հայկ Սարգսյան

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը համոզված է՝ Հայաստանի տնտեսական զարգացման երաշխիքը սահմանադրականության բարձր մակարդակն է։

Հայկ Սարգսյանի հետ մեր զրույցը, այսպիսով, ոչ միայն և ոչ այնքան տնտեսության մասին է, որքան սահմանադրականության, և տնտեսության վրա դրա ազդեցության մասին։

– Պրն Սարգսյան, սկսենք ամենաթարմ տնտեսական ցուցանիշներից… Կիսամյակն ամփոփվեց 6.1% տնտեսական աճով… Ի՞նչ է ասում Ձեզ այս թիվը, և ի՞նչ արդյունքով կամփոփենք 2017 թվականը…

– Մի քանի գործոններ կան, որոնք իսկապես լավատեսության հիմքեր են ստեղծում, օրինակ, նույն 6.1% տնտեսական ակտիվության աճը։ Կարծում եմ՝ տարին կեզրափակենք ավելի լավ, քան պլանավորված էր բյուջեով. 3.2%-ի փոխարեն՝ աճը կլինի 4%-ի շրջակայքում։

Լավատեսությանս հիմքը նախ՝ վստահության մթնոլորտն է, որը կցանկանայի, որ առավել թափ առներ և լիներ շարունակական, ու նաև` կառավարության ծրագրով ստեղծված աճի  նախադրյալները։ Չեմ ուզում թվերով շատ ծանրաբեռնել, բայց մեխանիզմների առումով կառավարության ծրագիրն իսկապես տնտեսական աճի ու զարգացման հնարավորություններ է ընձեռում, և միջնաժամկետ ծախսերի ծրագրում դրանք արդեն ամրագրվեցին կոնկրետ թվերի տեսքով։

Մեխանիզմների մասով կարող եմ առանձնացնել, օրինակ, ներդրումային հիմնադրամի գաղափարը, որն առկա էր ծրագրում: Սակայն դա չպետք է սոսկ հռչակվի և մնա թղթի վրա։ Ներդրումային հիմնադրամի ձևավորումն ու գործունեությունը պետք է դառնա ռեալ գործընթաց: Հիմնադրամը թույլ կտա բացարձակ այլ կառուցակարգերով միջոցներ ակումուլյացնել ոչ միայն երկրի ներսում, այլև արտերկրից, այդ թվում՝ շատ փոքր գումարներով, հստակ ծրագրերի տակ, և դա կարող է տնտեսության համար լուրջ շարժիչ ուժ դառնալ։ Նշեմ նաև, որ ներդրումային հիմնադրամը գործում է բանկային ռեժիմներից էապես տարբերվող մեխանիզմներով, ինչը տվյալ պարագայում շահեկան է։

– Օտարերկրյա ներդրումները, Ձեր կարծիքով, հայտարարված չափո՞վ կլինեն։ 830-840 մլն դոլար՝ այս տարի, և 3.4 մլրդ դոլար՝ 5 տարվա ընթացքում։

– Այո, կարծում եմ՝ գուցե և փոքր շեղումներով, կլինեն, և տնտեսական աճի աղբյուրը հենց ներդրումներն են լինելու։ Նկատի ունեմ ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները, այլ նաև ներքին ռեսուրսները։ Ներդրումները պարտադիր պետք է լինեն, որովհետև դրա այլընտրանքը չկա։ Մենք՝ տնտեսագետներս, լավ գիտենք, որ մեր տիպի երկրները 5-7% տնտեսական աճ ապահովելու համար պարտավոր են ՀՆԱ-ի մինչև 1/4-ի չափով ներդրումներ ապահովել։ Մեր պարագայում՝ մոտ 10 մլրդ դոլար ՀՆԱ-ի դեպքում, տարեկան 2-2.5 մլրդ դոլարի ներդրումներ պետք է լինեն։ Ինչ էլ անենք՝ այս խնդիրը պետք է լուծենք։

– Պետք է, բայց ինչպե՞ս։

– Չեմ խոսի ամենատարբեր միջավայրերի բարելավման և այլ գործոնների մասին։ Կասեմ ամենակարևորը՝ պետք է բարձրացնել սահմանադրականության մակարդակը երկրում։

Ընդհանրապես, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում երկարաժամկետ կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն առաջիկա տարիներին ընթանալու է 2 խումբ սահմանափակումների պարագայում: Սահմանափակումների առաջին խումբը մեզ պարտադրված փաստացի պատերազմական իրավիճակն ու ցամաքային մասնակի շրջափակումն է։ Այս սահմանափակումները ես դիտարկում եմ՝ որպես յուրօրինակ տրանսակցիոն ծախսեր, որը, ի դեպ, լրացուցիչ բեռ է նույն բիզնեսի համար: Համոզված եմ, որ դրա հաղթահարումը տնտեսության առավել նպաստավոր կառուցվածքային տեղաշարժերի մեջ է, ինչն առանձին քննարկման թեմա է:

– Ի՞նչ ասել է՝ սահմանադրականություն և սահմանադրականության դեֆիցիտ։

– Խոսքը Սահմանադրության մեջ ամրագրված նորմերի և դրանց կիրարկման մասին է։ Եթե Սահմանադրության նորմերը պատշաճ ձևով կյանքի չեն կոչվում, ապա ունենք սահմանադրականության դեֆիցիտ։ Այդ դեֆիցիտը տարբեր երկրներում, այդ թվում և՝ Հայաստանում, տարիների ընթացքում մշտապես առկա է եղել՝ իհարկե, տարբեր չափով։ Հենց այդ դեֆիցիտն է մարդկանց վստահության ու լավատեսության ինչ-որ չափով կորստի պատճառը, որն էլ հանգեցնում է նրանց վարքագծային բոլոր նեգատիվ հետևանքներին` անտարբերություն, քաղաքացիական և սոցիալական ակտիվության պակաս, աննախաձեռնողականություն և այլն:  Եվ այսօր ամենակարևոր  խնդիրն այդ դեֆիցիտի կրճատումն է, որովհետև այստեղ է թաքնված սոցիալ-տնտեսական առաջընթացի երաշխիքը։  Սահմանադրականության բարձր մակարդակն իրապես կարող է ստեղծել բավարար նախապայմաններ՝ բարձր տնտեսական աճ և տնտեսական զարգացում ապահովելու համար։

– Այսինքն, մեր երկարաժամկետ տնտեսական աճի գաղտնիքը թաքնված է Սահմանադրության մե՞ջ…

– Սահմանադրականության մեջ, և ոչ թե՝ Սահմանադրության։ Այսինքն՝ ինչպես են երկրի Սահմանադրության մեջ ամրագրված նորմերն իրականում կյանքի կոչվում։ Կառավարության «ռադարային էկրանի» վրա պետք է լինեն Սահմանադրականության վիճակի բնութագրիչները:

Սահմանադրության մեջ պարունակվող ամենատարբեր նորմերը` տնտեսական, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, քաղաքական, և այլն, պետք է կենսունակ լինեն և առավելագույնս իրագործվեն։

Սահմանադրականության հիմնախնդիրը պարզաբանեմ կոնկրետ նորմերից մեկի օրինակով։ Սահմանադրության 200-րդ հոդվածն ասում է, որ  ՀՀ Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը։ Նախկինում որպես նորմ՝ գնաճի զսպումն էր։ Այսինքն՝ ֆինանսական կայունության ապահովումը դարձավ սահմանադրական նորմ, ինչը դրական ազդեցություն կունենա մարդկանց ու տնտեսավարող սուբյեկտների սպասումների վրա: Սա հարյուրավոր նորմերից ընդամենը մեկն է։ Կան այլ նորմեր՝ կապված պատշաճ կենսամակարդակի, աշխատանքի, կրթության, ֆիզիկական, մտավոր ու կորպորատիվ սեփականության իրավունքների, ազատ մրցակցության հնարավորության և այլ սոցիալ-տնտեսական նորմերի հետ։ Իրավական և ժողովրդավարական ոլորտից՝ անկախ դատաիրավական համակարգի, քաղաքացիական հասարակության, անկախ մեդիայի  և այլնի վերաբերյալ նորմերը։ Նորմերի այսօրինակ հավաքածուների կամ, այլ կերպ՝ ինդիկատորների միջոցով հնարավոր է բնութագրել կոնկրետ երկրում սահմանադրականության մակարդակը:

– Սահմանադրականության դեֆիցիտը, փաստորեն, արգելակում է մեր տնտեսական աճը… Ինչպե՞ս, ի՞նչ չափով…

– Դա հենց ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Այսօր դեռևս բացակայում են իրավական կարգավորումների տնտեսական հետևանքների գնահատման արդյունավետ մեխանիզմները։ Ավելի պարզ, եթե մենք չգիտենք, թե Սահմանադրության այսինչ նորմի ոչ պատշաճ կիրարկումն ինչպես և ինչ չափով է ազդում տնտեսության վրա, կարգավորումների վերաբերյալ բավարար լուծումներ չենք ունենա: Մինչև այդ մեխանիզմները չստեղծվեն և այդ հետևանքները չգնահատվեն, մենք չենք կարողանալու առանձնացնել առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրները, որի հետևանքով էլ սոցիալ-տնտեսական ոլորտում չենք ունենալու պոտենցիալ հնարավորությունների լիարժեք  գործադրում։

 



Նման նյութեր