Սևանա լճի ափին հուլիսի 29-ին կմեկնարկի երկօրյա ռոք փառատոն: Այն կազմակերպել է «Mad Corp.»-ը և կրում է «Mad Fest» խորագիրը: «Ցանկանում ենք համախմբել «խենթ» մարդկանց մշակույթը զարգացնելու նպատակով»,- պարզաբանում են կազմակերպության անդամները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նրանք պատմեցին իրենց կազմակերպության և կայանալիք փառատոնի մասին:
-Ինչպե՞ս ծագեց փառատոնի գաղափարը, և ի՞նչ կարող է ակնկալել հանդիսատեսը:
-Այս փառատոնի նախաձեռնողն Արման Մելքոնյանն է: Փառատոնի գլխավոր նպատակներից է ստեղծել մի հարթակ, որտեղ երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան նվագելու ավելի փորձառու խմբերի հետ ու վարպետանալ նրանց հետ համագործակցության արդյունքում: Կարևորում ենք նմանատիպ փառատոնների մշակույթը Հայաստանում արմատավորելու գաղափարը: Փառատոնին մասնակցելու են «հայկական ռոքի լեգենդ» դարձած և համեմատաբար նորաստեղծ խմբեր: Հիրավի անուրանալի է «Ոստան Հայոց», «36.6», «Sacvoyage» խմբերի դերը մեր ռոք երաժշտության պատմության մեջ: Հատկանշական է, որ «36.6» խումբը մեծ ճանաչման է արժանացել Լեհաստանում, որտեղ տարիներ շարունակ ապրել ու ստեղծագործել են նրա անդամները: Նրանք Հայրենիքում կրկին հանդես կգան երկար դադարից հետո: Փառատոնին կներկայանան նաև «Fair Wind», «Mad Nation», «Lousnelius», «Inogen» և այլ խմբեր: Հանդիսատեսին սպասում է հետաքրքիր ժամանց՝ ջրային ատրակցիոններ, էլեկտրոնային երաժշտություն, այլ անակնկալներ: Միջոցառմանը աջակցում են Վահան Գևորգյանը (Ֆորշ), Արեգ Նազարյանը, «Rock Machine MC»-ն և «Ստոպ» ակումբը: Հույս ունենք, որ փառատոնը կկրի շարունակական բնույթ:
-Ի՞նչ է խորհրդանշում «Mad Fest» խորագիրը:
-«Խենթ» մարդկանց ցանկանում ենք համախմբել մեր մշակույթը զարգացնելու նպատակով: Հիրավի ստեղծագործող մարդը «խենթ» է, ոչ միայն ռոք երաժշտության մեջ: Նման «շարժում» ստեղծելու նպատակով էլ ստեղծեցինք «Mad Corp.»-ը, որի մաս է կազմում «Mad Nation» խումբը: Խմբի անդամներն են Արման Մելքոնյանը, Նարեկ Կուրղինյանը, Դավիթ Օհանյանը և Ռաֆայել Մարտիրոսյանը, բայց վերոհիշյալ կազմակերպության մեջ ներգրավված է տարբեր մասնագիտացում ունեցող շուրջ քսան անդամ: Կազմակերպությունը նպատակաուղղված է նաև երիտասարդ խմբերի աջակցմանը:
-Ո՞րն է փառատոնի մասնակից ամենաերիտասարդ խումբը:
-Փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Inogen» խմբի առաջին ելույթը, սակայն նրանց դժվար է «սկսնակ» անվանել, քանզի խմբի անդամներ Սարգիս Օհանյանը, Աբգար Ալավերդյանը և Լազո Պողոսյանը երկար ժամանակ նվագել են միմյանց հետ այլ խմբերում: Այս տարի նրանց միացան Արտաշես Մովսիսյանը և Արտակ Կարապետյանը, և նրանք վերստին համախմբվեցին՝ հիմնադրելով վերոհիշյալ խումբը: Խմբի երգերի թեմատիկան մարդկային ապրումները, հուզաշխարհն է…
Արման Սաֆարյան