Դիաբետիկ տղամարդիկ 3 անգամ ավելի հաճախ են բախվում իմպոտենցիային. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Դիաբետիկ տղամարդիկ 3 անգամ ավելի հաճախ են բախվում իմպոտենցիային. հետազոտություն

Դիաբետով տառապող տղամարդկանց կեսից ավելինի մոտ նաև էրեկտիլ դիսֆունկցիա է առաջանում: Դիաբետիկների շրջանում պոտենցիայի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է, քան այն տղամարդկանց շրջանում, որոնք դիաբետով չեն տառապում: Այս մասին հայտնում են Իտալիայի Պադովայի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ դիաբետիկների 52,5 տոկոսը (2-րդ տիպի դիաբետով տղամարդկանց 66,3 տոկոսը և 1-ին տիպի դիաբետով տղամարդկանց 37,5 տոկոսը) էրեկցիայի հասնելու կամ այն պահպանելու լուրջ դժվարություններ են ունենում: Գիտնականները դեռևս չգիտեն, թե ինչու են 2-րդ տիպի դիաբետով տառապող տղամարդիկ 2 անգամ ավելի հաճախ բախվում էրեկտիլ դիսֆունկցիային, քան 1-ին տիպի դիաբետով տառապողները:

Նախորդ հետազոտություններով պարզվել է, որ դիաբետը վնասում է նյարդերը և արյունատար անոթները, որոնք անհրաժեշտ են էրեկցիայի հասնելու համար: Հայտնի է, որ դիաբետով չտառապող մարդկանց համեմատությամբ դիաբետիկներին սպառնում է նաև վաղաժամ մահվան մեծ հավանականությունը:

Թիրախային վերլուծության շրջանակում, որը հրապարակվել է Diabetic Medicine ամսագրում, գիտնականները վերլուծել են 145 հետազոտություններ, որոնց ընթացքում ուսումնասիրվել է դիաբետի և էրեկիտիլ դիսֆունկցիայի միջև կապը: Ընդհանուր առմամբ դրանց մասնակցել են երկու տիպի դիաբետներով տառապող 88,577 տղամարդիկ: Արդյունքները ցույց են տվել, որ դիաբետի առկայությունը տղամարդկանց շրջանում էապես մեծացնում է էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման հավանականությունը:

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց հետազոտության արդյունքները կնպաստեն դիաբետով հիվանդների շրջանում էրեկտիլ խնդիրների ավելի վաղ ախտորոշմանը:

med.news.am