Լազարյաններ
Advertisement 1000 x 90

Լազարյաններ

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Լազարյաններին:

Լազարյանների տոհմը մեծ դերակատարություն է ունեցել ոչ միայն ռուսական արքունիքում, այլև՝ հայ մշակույթի և գիտության զարգացման գործում: Մոսկվայում հիմնադրած Լազարյան ճեմարանը տասնյակ տարիներ հայ մշակույթի և գիտության գործիչների համար իսկական դարբնոց է հանդիսացել…

Լազարյանները ծագումով Նախիջևանի Դաշտ գյուղից են: Տոհմը կոչվել է նաև Ղազարյան, Եղիազարյան, Աղազարյան:

Նախիջևանում Լազարյաններն զբաղվում էին վաճառականությամբ: 1604 թվականին պարսից Շահ-Աբաս արքան կազմակերպեց հայության գաղթը: Նախիջևանի Դաշտ գյուղի բնակիչներն էլ տեղահանվեցին և հաստատվեցին նորակառույց Նոր Ջուղա հայաքաղաքում՝ այնտեղ հիմնելով Դաշտ թաղամասը:

Նոր Ջուղայում հաստատված Ղազարի որդի խոջա Մանուկը շարունակեց պապենական ավանդույթներն ու վաճառականությամբ էր զբաղվում: Նրա որդի Աղազարը Նոր Ջուղայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքը վերանորոգեց, այնտեղ կուսանոց անապատ կառուցեց՝ միաժամանակ շարունակելով առևտրական գործունեությունն ու ընդլայնելով գործարար կապերը Ռուսաստանի հետ:

Խոջա Մանուկի ծավալած առևտրական գործունեությունն առիթ հանդիսացավ, որ նրա ժառանգները 18-րդ դարի կեսին հաստատվեն Ռուսաստանում. նախ Աստրախանում, ապա՝ Մոսկվայում:

Լազարյանների համար Ռուսաստանում նոր հորիզոններ բացվեցին: Գործարար ունակություններով օժտված Լազարյանները մտան արդյունաբերության ոլորտ. Ռուսաստանում նրանք անբավ կալվածքներ ձեռք բերեցին, գործարաններ ու առևտրական տներ հիմնեցին:

Լազարյաններից Ռուսաստանում առաջինը հաստատվեց Նոր Ջուղայի համայնքապետ Աղազար Լազարյանը: 1747 թվականին նա հաստատվեց Աստրախանում, ուր առևտրային ընկերություն բացեց և ընդլայնեց իր գործը: Երկու տարի անց Աղազար Լազարյանը հաստատվում է Մոսկվայում, ուր հիմնում է մետաքսագործական ֆաբրիկա: Նա Մոսկվայում կառուցեց Սուրբ Խաչ հայկական եկեղեցին:

1774 թվականին ռուսաց Եկատերինա Բ կայսրուհին հատուկ հրամանագրով Աղազար Լազարյանին ռուսական արքունիքի տոհմային ազնվականի տիտղոս շնորհեց:

Աղազար Լազարյանի անվան հետ է կապված մի հետաքրքիր պատմություն. Նրան է պատկանել աշխարհում ամենամեծը համարվող Օռլով ադամանդը: Ձեռք բերելով այն՝ հայ մեծահարուստը վաճառել է Եկատերինա Բ ֆավորիտին՝ կոմս Ալեքսեյ Օռլովին: Վերջինս ադամանդը նվիրել է կայսրուհուն:

Աղազար Լազարյանի որդին՝ Հովհաննես (Իվան) Լազարյանը, մեծ շնորհների արժանացավ Եկատերինա Բ կայսրուհու արքունիքում: Նրան շնորհվեց Իսկական պետական խորհրդականի տիտղոս և համարվում էր Եկատերինա Բ կայսրուհու՝ արևելյան գործերով խորհրդականը: Նա միաժամանակ ռուսական կայսերական բանկի կառավարիչն էր, կայսրուհու ֆավորիտ, ֆելդմարշալ Պոտյոմկինի քաղաքական գծով խորհրդականը: Լազարյանի դիրքերն ավելի ամրացան Պավել կայսեր կառավարման տարիներին (1796-1801): Կայսրը նրան վստահեց հսկայածավալ երկրի ֆինանսա-բանկային համակարգի կառավարումը:

Հովհաննես Լազարյանը կապեր հաստատեց նաև հայոց գաղթօջախների, մասնավորապես՝ հնդկահայ գաղութի ու Մադրասի խմբակի հետ: Առաջադեմ հայացքներով օժտված այս հայորդին ռուսական արքունիքին ներկայացրեց Հայաստանի ազատագրության և ռուսական հովանու ներքո հայկական թագավորության վերականգնման ծրագիր:

Հովհաննես Լազարյանն ունենալով եվրոպական հրաշալի կրթություն, ժամանակի լուսավորյալ այրերից էր, լուսավորության ջատագով, և իր միջոցներով դպրոցներ բացեց Մոսկվայում, Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորոպոլիսում: Ցարսկոյե Սելոյում նաև ռուսական օրիորդաց գիմնազիա բացեց:

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում Հովհաննես Լազարյանը հայկական եկեղեցիներ կառուցեց:

Լազարյանները փաստորեն դարձան Ռուսաստանում հայապահպանության գործի առաջամարտիկները: 1815 թվականին, Մոսկվայում Հովհաննես Լազարյանի կտակի շնորհիվ բացվեց Լազարյան ճեմարանը: Հետագայում այն վերածվեց Արևելագիտության ինստիտուտի: Ճեմարանին կից գործում էր հայկական տպարան: Լազարյան ճեմարանի բնականոն աշխատանքին շարունակ խոչնդոտում էին ռուս չինովնիկները: Սակայն, ճեմարանի գլխավոր հոգեբարձու Խաչատուր Լազարյանը շնորհիվ վարչապետ Արակչեևի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների, ոչ միայն շտկեց խնդիրը, այլև՝ ճեմարանը վարչապետի անմիջական հովանու ներքո վերածվեց ինստիտուտի:

1805 թվականին դարձյալ Հովհաննես Լազարյանի ջանքերով Մոսկվայում հիմնեցին հայկական Վագանովսկոյե գերեզմանատունը, իսկ 1815 թվականին Հովակիմ Լազարյանի ջանքերով Մոսկվայում վեր բարձրացավ Սուրբ Հարություն եկեղեցին: Սուրբ Կատարինե եկեղեցին կառուցվեց Պետերբուրգում:

Առհասարակ, Լազարյանները հովանավորում էին հայ առաքելական եկեղեցուն: Նրանք եկեղեցու բարեկարգման ու բարենորոգման ջատագովներ էին: Մինաս Աղազարի Լազարյանը մշակեց հայ եկեղեցու կանոնադրությունը, որ վավերացվեց կաթողիկոսի կողմից 1808 թվականին: Նրա ջանքերով ստեղծվեց եկեղեցու բարձրագույն խորհուրդը՝ Սինոդը:

Հովհաննես Լազարյանի միջնորդությամբ ռուսական կաբինետը, Ռուսաստանի տարածքում բնակվող և գործող հայությանն առանձնակի շնորհների և արտոնությունների արժանացրեց:

Հովհաննես Լազարյանի համբավն ու ազդեցությունը ռուսական կայսրության սահմաններից անդին էր: Ավստրոհունգարիայի կայսր Իոսիֆ Բ նրան 1768 թվականին շնորհեց բարոնի, քսան տարի անց՝ նաև կոմսի կոչում:

Հովհաննես Լազարյանը շնորհիվ իր անբավ հարստության, մեծ ազդեցություն ուներ ռուսական արքունիքում: Նա նաև արվեստների սիրահար էր: Մայրաքաղաքի մոտակայքում գտնվող իր դղյակն իսկական արվեստանոց-թանգարան էր դարձրել, ուր հաճախ հյուրընկալվում էին կայսրուհին և ռուս ազնվականները: Հովհաննես Լազարյանի ձեռք բերած արվեստի շատ գլուխգործոցներ այժմ պահպանվում են Պետերբուրգի Էրմիտաժում:
Հովհաննեսի թոռը՝ Հովհաննես Հովակիմի Լազարյանը, ռուսական արքունիքի սենեկապետն էր, Իսկական պետական խորհրդական: Ծառայել է արտաքին գործերի նախարարությունում: Նա մեկենաս էր ուսումնատենչ հայ երիտասարդության, հովանավորում էր հայկական գրքերի, պարբերականների տպագրությունը:

Լազարյաններն աչքի ընկան նաև ռազմի ասպարեզում: Եղիազար Հովակիմի Լազարյանը ռուսական բանակի գնդապետ էր, ռուս-պարսկական պատերազմի հերոսներից: Ռուսական զորքերի կողմից Թավրիզի գրավումից հետո դարձավ քաղաքի պարետը: մասնակցեց Թուրքմենչայի բանակցություններին: Նա ռուսական հրամանատարության կողմից նշանակվեց Ատրպատականի հայերի գաղթի կազմակերպիչ:

Լինելով հայրենասեր ու նվիրյալ հայորդի՝ քայլեր ձեռնարկեց Արևելյան Հայաստանում ազգային պետականության վերականգնման ուղղությամբ, սակայն այդ իսկ պատճառով զորացրվեց բանակից և աքսորվեց: Ի դեպ, Եղիազար Լազարյանը հանդես էր գալիս նաև Կովկասում ճորտատիրության վերացման պահանջով, գտնելով, որ ճորտատիրությունն է Կովկասում տնտեսական հետամնացության պատճառը:

Նմանատիպ առաքելություն էր ստանձնել նաև նրա եղբայրը՝ Խաչատուր Լազարյանն, ով հայության ապագան տեսնում էր Ռուսական կայսրության հովանու ներքո՝ անկախ թագավորության ստեղծումով: Սակայն բնականաբար, ռուսական կաբինետի շահերից չէր բխում անկախ Հայաստանի գոյությունը:

Խաչատուր Լազարյանը հայտնի էր իր բարեգործություններով: Նա նաև գիտության և արվեստների հովանավոր էր: Խաչատուր Լազարյանը հովանավորեց Լազարյան ճեմարանի դասախոս Մսեր Մսերյանին և ռուս պատմաբան Սերգեյ Գլինկային, որպեսզի վերջիններս հայ ժողովրդի պատմությունը, հայ-ռուսական միջէթնիկական, տնտեսական, մշակութային շփումնմերը փաստող նյութեր հրատարակեն և տարածեն Ռուսաստանում: Նա գտնում էր, որ գիտությանը զարկ տալու համար անվայել է՝ միջոցներ խնայելը. Իր նամակներից մեկում, մասնավորապես, նշում է. «Ամենուրեք, բոլոր երկրներում, միլիոնատերերը և հարուստները բարեխղճորեն կատարում են իրենց քրիստոնեական պարտականություններն ու զգացումները: Նրանք շռայլ քայլեր ու նվիրատվություններ են կատարում` ի հիշատակ իրենց հանգուցյալների և հատկապես ուսումնարաններ, աղքատանոցներ հիմնելու կամ այլ անհրաժեշտ եկեղեցական և ազգային հասարակական շահեր հետապնդող նպատակներով: Այդտեղ հարուստների կողմից խնայողություն կատարելը անտեղի, անվայելուչ, անգամ դատապարտելի է»:

Նա նաև Մկրտիչ Էմինին հովանավորեց հայկական հին ու արժեքավոր ձեռագրերի հրատարակման գործում: Խաչատուր Լազարյանը համագործակցում էր և սերտ կապեր ուներ ֆրանսիացի հայագետներ Վիկտոր Լանգլուայի և հատկապես Փարիզի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Էդուարդ Դյուլորիեի հետ, աջակցելով նրանց հայագիտական ուսումնասիրություններին:

Ի նշան Խաչատուր Լազարյանի՝ գիտության նկատմամբ ունեցած սիրո՝ ուսանողների հանգանակության արդյունքում կերտած նրա մարմարյա կիսանդրին մահվանից հետո դրվեց Լազարյան ճեմարանի դահլիճում:

1871 թվականին մահացան Եղիազար և Խաչատուր Լազարյանները, և Լազարյանների տոհմի արական ճյուղը մարեց: Եղիսաբեթ Խաչատուրի Լազարյանն ամուսնացել էր իշխան Սեմյոն Աբամելիքի հետ և նրանց ժառանգները այնուհետ կոչվեցին Աբամելիք-Լազարյաններ:



Նման նյութեր