Սիրված օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանն այսօր տոնում է իր տարեդարձը: Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է նրա եղբոր` մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի հետ, ով իր շնորհավորանքն է ուղղել սիրելի քրոջը:
«Սիրելի քուրիկ… Ամառվա այս օրը Երևանում լա՜վ շոգ է, ճիշտ այն տաքն է, որով քո տարեդարձը շնորհավորելու է՝ քո անուշ ձայնին հարմար, ինձ օգնության հասնելու քո պատրաստակամությունը հարմար, ամեն տեսակ հոգսերից ազատ լինելուդ հարմար, սրտիդ ուզած հաճույքներին տրվելուդ հարմար: Իբրև խոսքիս ավարտ` պաչիկ ու` Տիգրան»:
… Արաքս Մանսուրյանը սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Երկար տարիներ եղել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի: 1992 թվականից Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհի է:
Երգչուհու կարևոր դերերգերից են՝ Էլիզաբեթ («Դոն Կարլոս»), Նեդդա («Պայացներ»), Լեոնորա («Տրուբադուր»), Աիդա («Աիդա»), Շուշան («Դավիթ-Բեկ»), Անուշ («Անուշ»)։ Վերջին դերերգը կատարել է նաև Թբիլիսիի օպերային թատրոնում, Թումանյանի ծննդավայր Լոռիում և 1989 թվականին՝ ԱՄՆ-ում։
Մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում՝ եվրոպական երգահանների կողքին մատուցելով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ։
Ներկայում բնակվում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում և հանդիսանում է Սիդնեյ Օպերա Հաուսի մենակատար, ուր հանդես է գալիս այնպիսի դերերգերով, ինչպիսիք են՝ Լիու («Տուրանդոտ»), Աիդա («Աիդա»), Ֆլորիա Տոսկա («Տոսկա»), Դեզդեմոնա («Օթելլո»), Միմի («Բոհեմ»), Կատյա Կաբանովա («Կատյա Կաբանովա»), Սանտուցցա («Գեղջկական ասպետություն»), Ֆատա Միրգանա («Սերն առ երեք նարինջներ»), Էլիզաբեթ Վալուա («Դոն Կարլոս»), Էլիզաբեթ («Տանհոյզեր»), Մադլոն («Անդրե Շենյե»), Կոստանիչկա («Ենուֆա»), Կունդրի («Պարսիֆալ»), Ամելի Գրիմալդի («Սիմոն Բոկանեգրա»), Ամելիա («Դիմակահանդես»), Իզոլդա («Տրիստան և Իզոլդա»), Լեոնորա («Ճակատագրի ուժը») և այլն։
Դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երկացանկերում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ երաժիշտների ստեղծագործություններ։
2015 թ. Հանրապետության տոնի առթիվ Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Ահա մեծ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի գնահատականը՝ տված երգչուհու արվեստին. «Ինձ ողջ կյանքում թվացել է, թե հոգուս բազում կարոտներից կա մեկը` ժառանգականորեն հարազատ, արյունս տակնուվրա անող և հավիտենականորեն անհասանելի… Դժվարանում էի գտնել դրա ստույգ անվանումը, սակայն, երբ Արաքս Մանսուրյանի կատարմամբ լսեցի հայ հոգևոր երգերը, հասկացա, որ ինձ հենց այդ էր պակասում՝ դարերից եկած հայ ոգեղենության ազնվական ու լուսավոր մարմնավորում»: