Աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերը նվաճած օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանն այսօր նշում է իր ծննդյան տոնը: Երգչուհին խոստովանում է, որ երաժշտասերների բուռն ծափողջյուններն ու ջերմ ընդունելությունն իր ստեղծագործական կյանքի մեծագույն ձեռքբերումն են: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց երգչուհու հետ:
«Երկար տարիներ հանդես եմ եկել աշխարհի տարբեր բեմերում ու բազմաթիվ հաջողություններ ունեցել: Բոլոր հոտնկայս ծափահարությունները, բրավոները, որոնք հնչել են իմ ելույթներից հետո իմ ստեղծագործական կյանքի նվաճումն եմ համարում: Հիշում եմ, որ Ֆրանսիայում ելույթներիցս մեկից հետո երգչախմբի անդամները մոտեցան ինձ ու համբուրեցին ձեռքս, իսկ Սիդնեյում կայացած համերգներից մեկի ժամանակ երգարվեստի սիրահարները դոփում էին հատակին ու բարձր ծափահարություններով ողջունում մեզ: Այդ պահերի շնորհիվ ինձ երջանիկ ու ինքնաբավ եմ զգում»,-ասաց նա:
Արաքս Մանսուրյանը գլխավոր դերերգերով հանդես է եկել «Տուրանդոտ», «Աիդա», «Տոսկա», «Օթելլո», «Բոհեմ», «Կատյա Կաբանովա», «Դիմակահանդես», «Տրիստան և Իզոլդա» և այլ հայտնի օպերաներում: Նա շեշտում է, որ «Անուշ» օպերայում Անուշ-ի դերերգը կատարելիս մտածել է, որ չի կարող ապրել առանց այդ կերպարի, այնքան է սիրել այն: «2007 թվականին հնարավորություն ունեցա «Կատյա Կաբանովա» օպերայում մարմնավորել հենց Կատյա Կաբանովային ու սիրահարվեցի այդ կերպարին, հասկացա, որ այն ինձ չափազանց հարազատ է և մոտ: Մյուս դերերն ասես անցան գնացին, իսկ այս մեկը մնաց»,-նշեց երգչուհին:
Երկար տարիներ ապրելով և ստեղծագործելով Սիդնեյում` Արաքս Մանսուրյանը դասավանդում է տեղի կոնսերվատորիայում և օտարազգիներին ներկայացնում հայ երգարվեստի գոհարները: «Վերջերս իմ չինացի ուսանողներից մեկին ծանոթացրեցի Տիգրան Մանսուրյանի վոկալ ստեղծագործությունների շարքին: Նա ասաց, որ դրանք շատ բարդ են, և ինքը հուզվում է կատարելիս, սակայն կարողացավ հաղթահարել ամեն բան ու նրա մոտ ստացվեց փոխանցել դրական հույզերը երաժշտության միջոցով: Ասեմ, որ ներկայումս նա փորձում է Սարոյի արիան կատարել «Անուշ» օպերայից: Այդ տղան կարողացավ ինձ տպավորել ու մինչև հոգուս խորքը հուզել իր գեղեցիկ ու անզուգական կատարմամբ, այնինչ անգամ անգլերեն լավ չի խոսում, և ինձ համար բավականին բարդ է նրա հետ աշխատել»,-շեշտեց Մանսուրյանը:
Խոսելով ապագա ծրագրերից` երգչուհին ասաց, որ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ իր ստեղծագործական կյանքի 50-ամյակի կապակցությամբ սեպտեմբերին հինգ օտարազգի երգիչների մասնակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ազգային ակադեմիական թատրոնում կհնչեցնեն Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
Հարցին, թե ինչը կփոխեր այս տարիների ընթացքում, երգչուհին պատասխանեց, որ ժամանակին երազել է դաշնակահար կամ ջութակահար դառնալու ու եթե այդ ուղին ընտրեր, հավանաբար կկարողանար այդ ոլորտում հաջողությունների հասնել, այնինչ ձայնը ժամանակի ընթացքում փոխվում է: «Տիգրանի հետ հաճախ եմ զրուցում այդ մասին. նա ինձ միշտ քաջալերում է ու աջակցում»,-եզրափակեց երգչուհին:
Անժելա Համբարձումյան