Ֆրանսիայի առաջին տիկինը խնամքի տակ կվերցնի պանդայի երկու ձագերի
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայի առաջին տիկինը խնամքի տակ կվերցնի պանդայի երկու ձագերի

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը խնամքի տակ կվերցնի մեծ պանդայի երկու ձագերի, որոնք օրերս լույս աշխարհ են գալու «Բովալ» կենդանաբանական այգում, որը գտնվում Է Ֆրանսիայի Լուար եւ Շեր դեպարտամենտում: Այդ մասին հայտնել է կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Դելֆին Դելորը՝ հանդես գալով RMC ռադիոկայանի եթերում:

Ենթադրվում է, որ նախագահի տիկինը կստանձնի նորածիններին կենդանաբանական այգում պահելու հովանավորչական պարտավորություններ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է կերի հետ կապված ծախսերին եւ անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելուն: Մակրոնը նաեւ ամբողջական տեղեկատվություն կստանա իր խնամարկյալների առողջական վիճակի եւ կենդանաբանական այգում նրանց պահելու պայմանների վերաբերյալ:

Դելորը նշել է, որ պանդայի ձագերի հայտնվելն իսկական պատմական իրադարձություն Է Ֆրանսիայի համար:

Էգ Խուան Խուանը եւ արու Յուան Ցզին, որոնց ինը տարին շուտով կլրանա, 2012 թվականի հունվարին Ֆրանսիայի կենդանաբանական այգի են բերվել Փարիզի եւ Պեկինի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում:

«Երբ իմացանք, որ մեր կենդանաբանական այգում պանդայի ձագ է հայտնվելու, մեր ուրախությանը սահման չկար, բայց երբ մի քանի օր առաջ սքրինինգը ցույց տվեց, որ երկվորյակներ են սպասվում, դա մեզ համար մեծ անակնկալ դարձավ»,-պատմել է Դելորը:

Պլանավորվում է, որ նորածինների անունները կդնի ՉԺՀ-ի առաջին տիկին Պեն Լիյուանը: Ֆրանսիական կենդանաբանական այգու եւ Չինաստանի միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն, ծնվելուց երկու-երեք տարի անց երկվորյակները պետք է վերադարձվեն Չինաստանին:

«Բովալ» կենդանաբանական այգին, որն ստեղծվել է 1980 թվականին, խոշորագույններից մեկն է Եվրոպայում: Նրա 35 հեկտար տարածքի վրա ներկայում ապրում են շուրջ հինգ հազար տեսակի կենդանիներ, որոնցից շատերը համարվում են հազվագյուտ եւ գտնվում պահպանության ներքո:

Ֆրանսիայում պանդաներ չեն եղել այն պահից, երբ 2000 թվականին սատկեց Յեն Յեն արջը: Նրան Չինաստանի վարչապետ Չժոու Էնլայը Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուին էր նվիրել 1973 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: