Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան` FIBA-ն, անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի հաղթական մեկնարկին՝ Աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական փուլում:
Աղբյուրը գրում է, որ ամիսներ առաջ շատերը թերահավատորեն կվերաբերվեին Հայաստանի հավաքականին՝ կարծելով, որ նրանք կձախողեն Աշխարհի առաջնության ընտրական փուլը, բայց հայ բասկետբոլիստներն առաջին խաղը շատ վստահ անցկացրին և կարողացան հաղթել վստահ հաշվով:
«Թե՛ Երևանում և թե՛ այլ տեղերում այլևս ոչ ոք նման կերպ չի մտածում: Առաջին իսկ խաղում հայ բասկետբոլիստները ցույց տվեցին, որ կարող են անել ավելին, քան շատերը մտածում են»,- գրում է հոդվածագիրը՝ մեջբերելով հայ բասկետբոլիստ Արկադի Մկրտչյանի խոսքերը:
Կայքն անդրադարձել է նաև հայկական ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի խոսքերին, ով նշել էր, որ մեկնարկը հրաշալի էր, սակայն թիմը դեռ ունի 5 խաղ, որոնք ևս պետք է բարձր մակարդակով անցկացնել:
«Ես հավատում եմ, որ այս հաղթանակը լավ կանդրադառնա թիմի վրա: Հավատում եմ իմ տղաներին»,- ասել էր Բավցևիչը:
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը գրում է, որ Հայաստանի հավաքականը ստիպեց երկրպագուներին կրկին հավատալ հաղթանակներին:
«Գուցե հայերը նորից հաղթեն, գուցե` պարտվեն: Անկախ ամենից՝ հավաքականն արդեն հպարտանալու առիթ է տվել ողջ երկրին: Հայաստանը պատճառ ունի հավատալու, որ կարող է հասնել իր նպատակներին»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հաղթանակով նշեց նորամուտն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:
Հայաստանը հյուրընկալեց Սլովակիայի ընտրանուն և համոզիչ հաշվով հաղթանակ տարավ՝ 75:61:
Հայաստանի հավաքականի կազմում 22 միավորով ամենաարդյունավետ խաղացողն Ալան Հեսսն էր, մրցակցի թիմում՝ Ռադոսլավ Ռանչիկը՝ 20 միավորով:
Օգոստոսի 5-ին Հայաստանի հավաքականն ընդունելու է Շվեդիային:
Սիրարփի Աղաբաբյան