Մարտին Պետցոլդը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից, ծնվել է 1984թ. Մոսկվայում գերմանացու և հայուհու ընտանիքում:
Մարտինի ծնողները այն ժամանակ ապրել են ԽՍՀՄ մայրաքաղաքում: Ապագա պատգամավորի հայրը եղել է լրագրող: Չնայած այն բանին, որ տղան ծնվել է Մոսկվայում, ողջ կյանքն ապրել է Բեռլինում, որտեղ ստացել է կրթություն (տնտեսական գիտությունների թեկնածու):
Ընդ որում՝ Մարտինը չի կորցրել կապերը հայկական արմատների հետ՝ նա մանկուց ուսումնասիրել է հայերենը, ինչպես նաև հաճախ է մոր հետ այցելել Երևան:
Իր հայկական ծագման մասին նա հերթական անգամ հայտարարել է 2016թ. ամռանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման ժամանակ:
«Ես երախտաապարտ եմ, որ այդ կարևոր հարցում Գերմանիան ընդունում է պատասխանատվության իր բաժինը: Ես գերմանացի եմ, ում մայրը ծնվել է Հայաստանում: Ես մեծացել եմ ու սովորել հայերենը, ինչպես նաև հասկացել, որ Ցեղասպանության ճանաչումը չի նշանակում մատնացույց անել ինչ-որ մեկին ու մեղադրանք: Խոսքը պատմական արդարության մասին է»,- ասել է նա Բունդեսթագում ելույթ ունենալիս:
Մարտին Պետցոլդը Բունդեսթագի պատգամավոր է դարձել 2013թ.: Քաղաքական գործիչը ներկայացնում է բեռլինյան Լիխտենբերգ շրջանը, որի վարչակազմում 18 տարեկանից տարբեր պաշտոններ է զբաղեցրել: