Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս մրցաշրջանում Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում կա նորեկ՝ «Լոռին»: Ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր տարբերանշանը:
«Սկզբնապես Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի՝ 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը:
Տարբերանշանի ուրվագիծը հայ թագավորների և իշխանների թրերի դաստապանի կառուցվածքն ունի: Լոգոն կանաչ գույնի է, ինչը խորհրդանշում է Լոռվա բնությունը:
Բերդի պարիսպները խորհրդանշում են վերևում ձախ և աջ հատվածների ատամիկները: Լոգոյի վերին հատվածը եզրափակված է կամրջով, որը խորհրդանշում է Ալավերդու միջնադարյան կամուրջը:
Լոգոյի կենտրոնում՝ վերևից, Բագրատունիների թագավորության խորհրդանիշ արծիվն է: Զինանշանը լավագույնս արտահայտում է հզոր թագավորների՝ Բագրատունիների կարգավիճակը. նրանք այնքան հզոր էին, որ նրանց դեմ թշնամիներն աննշան ոչնչություն են։ Բագրատունիների այս զինանշանը կերտվել է Գագիկ Ա թագավորի օրոք, երբ Բագրատունիները գտնվում էին փառքի գագաթնակետին, և նրանց զինանշանն էլ այդ է ապացուցում։
Տարբերանշանի կենտրոնում գրված է թիմի անվանումը՝ Lori FC («Լոռի» ՖԱ), որի ձախ և աջ կողմերում դրված երկու սյուները խորհրդանշում են մշակույթը և բանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սիրարփի Աղաբաբյան