10 000 ժամի կանոնը․ ո՞րն է Մոցարտի հանճարի գաղտնիքը
Advertisement 1000 x 90

10 000 ժամի կանոնը․ ո՞րն է Մոցարտի հանճարի գաղտնիքը

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ առնչվել է «Մոցարտն ի ծնե հանճար էր»արտահայտությանը։ Իսկապես, հարկ չէ լինել դասական երաժշտության փորձագետ հասկանալու համար Մոցարտի ստեղծագործությունների հանճարեղ բնույթը։ Բավարար է միայն ըմբոշխնել նրա ստեղծագործությունները․․․

Մոցարտի գեղեցիկ երաժշտության մասին Ձեզ հիշեցնելուց բացի, այս հոդվածը նպատակ ունի ներկայացնել փաստարկներ, որոնք, հիմնված լինելով վերջին 50 տարվա մի շարք գիտական ուսումնասիրությունների վրա, ձեռնոց են նետում «ի ծնե հանճար» գաղափարին։

Այսպիսով, 1973թ․ American Scientist գիտական ամսագրում հրապարակվեց մի հոդված Հերբերտ Սայմոնի (Նոբելյան մրցանակակիր) և Ուիլյամ Չեյզի կողմից՝ «Հմտությունների դերը շախմատում» (Skill in Chess) վերնագրով։ Ուսումնասիրելով մի շարք շախմատիստների հմտությունները՝ գիտնականներն առաջ քաշեցին հետևյալ վարկածը, մեջբերում եմ․

«Մեր հաշվարկով յուրաքանչյուր շախմատային վարպետ մոտավորապես 10000-50000 ժամ է անցկացրել շախմատային տախտակի դիրքերն ուսումնասիրելով, իսկ բարձրակարգ շախմատիստ (բայց ոչ շախմատային վարպետ) դառնալու համար պահանջվում է ուսումնասիրել շախմատային տախտակի դիրքերը մոտավորապես 1000-5000 ժամ»։

Ամփոփելով իրենց կատարած ուսումնասիրության արդյունքները՝ գիտնականները փաստեցին, որ մարդկության պատմության մեջ գրոյսմայստեր դարձած յուրաքանչյուր շախմատիստ այդ կոչումը ստանալու պահին արդեն իսկ շախմատային տախտակի վրա լրջորեն աշխատել էր նվազագույնը 10տարի։ Նույնիսկ Բոբի Ֆիշերը, ում իրավամբ կարելի է անվանել «Շախմատի արքա», արդեն իսկ 9տարի խորասուզված զբաղվում էր շախմատով, երբ 16 տարեկանում ստացավ գրոյսմայստերի կոչումը։  Ի դեպ, շախմատի սիրահարներին խորհուրդ կտամ դիտել Բոբի Ֆիշերի կյանքի մասին պատմող այս ֆիլմը։  Իսկապես խորհուրդ կտամ։ ։)

Հիմնվելով վերը նկարագրված ուսումնասիրության վրա՝ հոգեբան Ջոն Հայնսը հարկ համարեց ուսումնասիրել է 76 դասական կոմպոզիտորների կողմից գրված 500 երաժշտական ստեղծագործություններ (ժամանակաշրջանը՝ 17-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը): Հայնսի ուսումնասիրության առանցքային հարցն էր՝ «Երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն անելուց հետո որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ անհատին այդ ասպարեզում հանճարեղ դառնալու համար»։ Հարկ է նշել, որ ընտրված 500 երաժշտական ստեղծագործությունները դասական երաժշտության լավագույն նմուշներ են և ամենաշատն են կատարվում աշխարհի տարբեր բեմերում։

Ուշագրավ մի հայտնագործություն հետազոտողի կողմից:

Նշված 500 ստեղծագործությունները գրվել էին այն ժամանակ, երբ հեղինակը երաժշտության ասպարեզում իր գործունեությունն էր ծավալել նվազագույնը 10 տարի։ Բացառություն են կազմում մի քանի ստեղծագործություններ, որոնք գրվել են հեղինակի գործունեության 9-րդ տարում (Շոստակովիչ և Պագանինի) և 8-րդ տարում՝ Սատիի կողմից։

Հայնսը այդ ժամանակաշրջանը պիտակեց որպես «Լռության 10-ը տարիներ»։

Հաջորդիվ, շվեդ հոգեբան Անդերս Էրիկսոնը սկսեց մարդկային կատարողականությունը բացահայտող հետազոտությունների մի ամբողջ շարք և գիտական մակարդակում ամրապնդեց 10000 ժամի կանոնը։Ըստ Էրիկսոնի՝ 10000 ժամը կամ մասնագիտական գործունեության 10 տարին, այն ժամանակային ներդրումն է, որը պետք է կատարի յուրաքանչյուր անհատ, եթե ցանկանում  է իր գործունեության ասպարեզում հասնել «էքսպերտ»-ի մակարդակի։ Հարկ է նշել, որ հեղինակը օգտագործում է հենց «էքսպերտ» (հայերեն` փորձագետ) բառը։ Սակայն հարկ է նշել, որ Էրիկսոնի փաստացի օրինակները վերաբերում են շատերի կողմից որպես «ի ծնե հանճար» համարվող Մոցարտին և Բոբի Ֆիշերին։

Վերադառնալով Հայնսի ուսումնասիրած 76 կոմպոզիտորներին, հարկ է նշել, որ ինչպես մյուս 75կոմպոզիտորներից, Մոցարտից ևս պահանջվել են 10 երկար և տքնաջան տարիներ, մինչ նա ստեղծագործել է իր առաջին նշանակալից գործը, այն է՝ Piano Concerto No. 9։ Այո՛, շատերն են Մոցարտին «ի ծնե հանճար» անվանում, սակայն քչերն են տեղյակ նրա կյանքի կարևոր մանրամասներից։

Մոցարտի հայրը, լինելով երաժշտության ուսուցիչ, սկսում է փոքրիկ Ամադեուսին դաշնամուր նվագել սովորեցնել, երբ Ամադեուսն ընդամենը 4 տարեկան էր։ Այդքան վաղ տարիքից երաժշտությամբ զբաղված լինելով՝ Մոցարտն իր առաջին դաշնամուրային կոնցերտը գրում է 11 տարեկան հասակում։ Նման երիտասարդ տարիքից կոմպոզիտորական գործունեությամբ զբաղվելը «հասկանալի պատճառ» է՝ անհատին գերմարդկային հատկանիշներ վերագրելու համար։ Սակայն թու՛յլ տվեք պարզաբանել այս առեղծվածը:

Մոցարտի՝ պատանեկան տարիքում գրված ստեղծագործություններն առանձնապես յուրօրինակ չեն եղել, և հիմնվելով մասնագետների տեսակետի վրա՝ վստահաբար կարող ենք ասել, որ այդ ստեղծագործությունները այլ կոմպոզիտորների (ներառյալ Սեբասստիան Բախի) աշխատանքների արտատպված և ձևափոխված տարբերակներն են։

Այսպիսով, Մոցարտը գրեց իր առաջին նշանակալից գործը՝ վերը նշված Piano Concerto No. 9-ը, 21 տարեկան հասակում․ սա, անշուշտ, բավական երիտասարդ տարիք է դասական երաժշտության այդպիսի նշանավոր ստեղծագործություն գրելու համար, սակայն եկե՛ք չմոռանանք, որ այդ ստեղծագործությունն արարելիս Մոցարտը երաժշությամբ էր «ապրում» արդեն ոչ պակաս, քան 17տարի։ Հավանաբար, երաժշտության նկատմամբ Մոցարտի անմնացորդ սերն էր պատճառը, որ 28տարեկանում նրա ձեռքերը դեֆորմացվեցին․ այդքան մոլեգին ու քրտնաջան էր աշխատում Մոցարտը՝ իր գլուխգործոցները կյանքի կոչելու համար։

«Ի ծնե հանճար»-ի առեղծվածը բացահայտելու համար կարևոր է նաև ներկայացնել «ի ծնե հանճար» համարվող անհատների տեսակետը սեփական «հանճար»-ի վերաբերյալ։ Որպես օրինակ դիտարկենք Միքելանջելոյին, ով մարդկությանն է ժառանգել այնպիսի հարատև գլուխգործոցներ, ինչպիսին են Սիքստինյան կապելլայի առաստաղը, «Դավիթը» և «Պիետա» քանդակները։ Շատերը, համարելով Միքելանջելոյին «ի ծնե հանճար», պարզապես անտեղյակ են այն մեծագույն նվիրվածությունից և կարգապահությունից, որ ցուցաբերում էր Միքելանջելոն իր գլուխգործոցները կերտելիս։ Ստորև մեջբերում եմ Միքելանջելոյի խոսքերը՝ ի պատասխան այն հիացմունքին, որ մարդիկ արտահայտում էին նրա գլուխգործոցները տեսնելիս,

«Եթե միայն մարդիկ իմանային, թե որքան տքնաջան եմ ես աշխատում՝ ձգտելով հասնել կատարելության, ապա իմ աշխատանքը նրանց այդքան էլ հիասքանչ չէր թվա»։

Այսպիսով, ակներև է դառնում, թե որքան անտեղի է մեր հիացմունքին արժանացած անհատներին «ի ծնե» հատկանիշներ վերագրելը․ չէ՞ որ դա թերագնահատում է այն հսկայական աշխատանքը, որ այդ մարդիկ տարիներ շարունակ կատարել են «հանճար»-ի կոչմանն արժանի լինելու համար։

Մոցարտի, Բոբի Ֆիշերի և Միքելանջելոյի օրինակները մի քանիսն են այն հարյուրավոր օրինակներից, որոնք ապացուցում են, որ չկան «ի ծնե հանճարներ»․ յուրաքանչյուր անհատ ինքն է կերտում սեփական հանճարը։

Հարկ է նշել, որ 10000 ժամի կանոնը ուսումնասիրվել և հաստատվել է մարդկային գործունեության բազմապիսի բնագավառներում․ գիտության, սպորտի, արվեստի, բիզնեսի ամենանշանավոր ներկայացուցիչների օրինակներով։  Մարդկային կատարողականության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները վաղուց արդեն ստվեր են գցում այնպիսի արտահայտությունների վրա, ինչպիսին են «նա ի ծնե հանճար է» կամ «նա բնատուր անգերազանցելի տաղանդ ունի»։ Ուշադրությու՛ն, «ի ծնե» և «բնատուր» արտահայտությունները հատուկ են ընդգծված․ այո՛, անհատը կարող է իսկապես հանճարեղ լինել, բայց ոչ թե որովհետև նա հանճար է ծնվել, այլ քանի որ նա տարիներ շարունակ քրտնաջան ու նվիրված աշխատել է սեփական հանճարը կերտելու համար։ Այն, թե ինչ է ներառում հանճար դառնալու գործընթացը (10000 ժամի ներդրումը շատ կարևոր, բայց ոչ միակ նախապայմանն է հանճար դառնալու համար) հատուկ ուշադրության է արժանի, և մենք կանդրադառնանք այդ թեմային մեր առաջիկա հոդվածներից մեկում։

Սիրելի՛ ընթերցող, ավարտելով հոդվածը՝ թու՛յլ տվեք ուղղել Ձեզ հետևյալ հարցը:

«Որքանո՞վ եք Դուք ինքներդ հավատում, որ Դուք ընդունակ եք գերազանցության հասնել Ձեր ընտրած գործունեության մեջ»։ Չեմ բացառում, որ հոդվածում ներկայացված փաստարկներին ծանոթանալով՝ Դուք շարունակում եք կարծել, որ տաղանդները պարզապես վերապահված են հատուկենտ մարդկանց համար, հանճար կարող են դառնալ միայն ընտրյալները, և Դուք երբեք նրանցից մեկը լինել չեք կարող։

Այն, թե ինչ կարծիք ձևավորել սեփական հնարավորությունների հանդեպ, Ձեր ընտրությունն է։ Դուք կարող եք Ձեր կյանքի լավագույն տարիները վատնել Ֆեյսբուքյան անցուդարձին և վերջին նորություններին հետևելով, ինչը տվյալ պահին կարող է շատ կարևոր թվալ, բայց երկարաժամկետ կտրվածքում միանգամայն անիմաստ է։ Հավանաբար ինքներդ եք համոզվել դրանում։

Դուք ունեք մեկ այլ ընտրություն․ այն է՝ մի կողմ դնել ամեն տեսակ պատրվակ և արդարացում այն մասին, թե ինչու Դուք չեք կարող լինել այնքան հանճարեղ, որքան Պիկասոն, Էյնշտեյնը, Ջոբսը կամ Մեսսին։

Այնուհետ, լիարժեք պատասխանատվությու՛ն ստանձնեք Ձեր կյանքի համար և որոշու՛մ կայացրեք անել Ձեզանից կախված ամեն բան՝ օր առ օր ինքնակատարելագործվելով Ձեր գործունեության մեջ։

Հենց այդպես է սկսվում դեպի հանճար տանող ճանապարհը․․․

Այն հյուրընկալ է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ համար։

Ձգտե՛ք Կատարելության,

Արևիկ

kaizenmastery.com