Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Նավասարդի պատմությունը: Ակնարկում ներկայացված են նաև տոնակատարությունների ժամանակ օգտագործվող ծիսական ուտեստների բաղադրատոմսերը:
-Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը,
Եվ առավոտը նավասարդյան,
Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը,
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,
Ինչպես օրենքն էր թագավորների…
Նավասարդը հայոց նոր տարին է: Նավասարդ ամիսն սկսել է օգոստոսի11-ին և ավարտվել սեպտեմբերի 9-ին:
Նավասարդ տոնը հայտնի է նաև Նախրաթող անվամբ: Ըստ ավանդույթի, տոնի ժամանակ Նավասարդ անունով մի հովվի հանձնել են նախիրը պահպանության: Բայց նախրապանը լքել է նախիրը` տոնին մասնակցելու համար: Դրանից հետո տոնը կոչվել է նաև Նախրաթող:
Նավասարդ բառը նշանակում է նոր տարի: Այն Հայոց ձորում Հայկի և Բելի միջև տեղի ունեցած ճակատամարտի օրն է: Քրիստոնեության օրոք եկեղեցին այն հարմարեցրեց իր տոնացույցին և նշում էր որպես Նոյյան տապանի` Արարատի գլխին հայտնվելու օր:
Նավասարդը երիտասարդների, հարսանյաց ծեսերի տոնն էր:
Առաջներում այն նշվում էր մեծ շուքով, տոնահանդեսով, արքունի և ժողովրդի մասնակցությամբ, զորահանդեսով, թատերական ներկայացումներով, ձիարշավներով, սուսերամարտով… այն հայոց պետության գլխավոր տոնն էր: Նավասարդին զոհաբերություններ էին կատարում հայոց բոլոր աստվածներին: Տոնը նշվում էր ողջ Հայոց աշխարհում, բայց ամենամեծ տոնախմբությունները լինում էին գլխավոր տաճարներում` Բագավանում, Աշտիշատում, Նպատ լեռան լանջին…
Բոլոր առումներով Նավասարդը ճոխ տոն էր. նրանում գերիշխող էր հայոց հաղթող ոգին ու միասնության գաղափարը:
Նավասարդը հայոց մեջ հյուրասիրությունների տոն էր: Բոլորն անխտիր սեղաններ էին բացում, իրենց բերքից, ինչքից ու ունեցվածքից բաժին հանում մյուսներին: Նավասարդի սեղանների զարդը նույնպես քյաշկա հարիսան էր: Սակայն Նավասարդի հարիսային, որպես կանոն, շերեփ չպետք է կպչեր: Դա արվում էր նրա համար, որպեսզի ՙտարին անցնի առանց կռիվների՚:
Նավասարդին ամեն ինչ պետք է առատ լիներ: Մեծ թվով զոհաբերություններ էին կատարվում: Անասունների եղջյուրները ներկում էին տարբեր գույներով և նրանց ընծայում հայոց աստվածների տաճարներին: Նավասարդի տոնի բուն խորհուրդը Ամանոր աստծուն էր պատկանում, որ իր մեջ պարունակում էր լիություն և զարթոնք: Ամանորի և Վանատուրի տոնակատարությունները միշտ միասին են նշվել: Վանատուրը Ամանորի եղբայրն է և հյուրասիրության, հյուրընկալության աստվածն էր` ճամփորդների և պանդուխտների հովանավորը: Վանատուրի պաշտամունքից է գալիս և այն, որ մինչ օրս հայերի ամանորյա սեղաններին միշտ հատուկ սպասք է դրված պանդուխտների ու տնից բացակայողների համար: Ագաթանգեղոս պատմիչը Վանատուրին տալիս է Ամանորաբեր անունը:
Այնքան սիրելի էր Նավասարդը հայոց մեջ, որ անգամ քրիստոնեությունը չկարողացավ արմատախիլ անել և վերափոխել այն: Դեռ ուշ միջնադարում Հայաստանի շատ գավառներում այն տոնվել է ու մեզ հասել:
Աշտիշատում, ուր գտնվում էին Հայոց յոթ գլխավոր բագինները (Արամազդ, Անահիտ, Միհր, Նանե, Աստղիկ, Վահագն, Տիր) նույնպես Նավասարդը նշվում էր հանդիսավորությամբ ու ժողովրդական խաղերով: Այստեղ հասարակ մարդկանց մոտ իր հմտությունն էր ցուցադրում հայ ռազմիկը: Բանակը շքերթով անցնում էր արքունիքի և ժողովրդի առջևով, զինավառ երիտասարդները ռազմի խաղեր և մրցումներ էին կազմակերպում:
Քրիստոնեությունը այս տոնը վերափոխեց. արգելվեցին տոնական զվարճահանդեսները, զոհաբերությունները…
Մասսայական մեծ միջոցառումներն արգելվեցին և Նավասարդը դարձավ ընտանեկան տոն:
Հետաքրքիր սովորույթ է պահպանվել Նավասարդից. տոնի գիշերը նշանված կամ ազատ աղջիկները կեսգիշերին ընդեղեն, նվերներ էին գլխաշորի մեջ կապած իջեցնում փեսացուի տան երդիկից: Փեսացուի տնեցիները ջանում էին բռնել աղջկան: Եթե հաջողվում էր, հյուրասիրում էին, նվերներով ճանապարհում: Եթե նշանված աղջիկ կամ տղա չէր լինում տանը, նվերներ ու ընդեղեն էին կախում բարեկամների տների երդիկներից:
Հարիսա
1 կգ գառան միս
3 բաժակ հաճար
1 բ. յուղ
3 սոխ
աղ
Գառան միսը եփել, ոսկրահան անել և կտրատել: Եռացող արգանակի մեջ լցնել հաճարը, ավելացնել միսը և շարունակել եփել մարմանդ կրակի վրա: Վերջում ավելացնել աղ: Մատուցել` վրան ավելացնելով յուղ:
Լոռվա գաթա
խմոր
1 կգ ալյուր
2 բ. շաքարավազ
2 բ. կաթ
1 բ. հալած յուղ
2 թ. գ. թթխմոր
աղ
խորիզ
3 բ. ալյուր
1 ½ հալած յուղ
½ բ. շաքարափոշի
վանիլին
2 ձվի դեղնուց
Խմորը պատրաստել, ծածկել սրբիչով և 2 ժամ թողնել տաք տեղում: Միաժամանակ պատրաստել խորիզը. ալյուրը հալած յուղով տրորել, ավելացնել շաքարի փոշի, վանիլին և խառնել այնքան, մինչև փխրուն զանգված ստացվի: Պատրաստի խմորը սեղանին մեկ անգամ էլ հունցել, բաժանել կտորների: Գնդերը գրտնակել, բարակացնել: Բացած շերտերի վրա յուղ քսել, վրան` խորիզ, ապա խմորը գլանաձև փաթաթել:
Ձևավորված խմորագլանը բաժանել 400 գրամանոց կտորների: Խմորի կտորները երկու կողմից սեղմել, կլոր բլիթի ձև տալ: Բլիթի եզրերը վեր բարձրացնել, եզրանաշխել: Նաշխել նաև արտաքինից` գեղեցիկ ձև տալու համար: Պատրաստի բլիթը դնել թիթեղաթերթի վրա կամ թավայի մեջ, վրան ձվի դեղնուց քսել, ծակել մի քանի տեղից պատառաքաղով և թխել ջեռոցում 30 րոպե:
Նազուկ աղի միջուկով
խմոր
3 ½ բ. ալյուր
2 թ. գ. թթխմոր
1 բ. ջուր
աղ
միջուկ
2 բ. ալյուր
1 բ. հալած յուղ
շաֆրան
աղ
1 ձու և 1 բ. յուղ
Հունցել խմորը, թողնել 2 ժամ հանգչի: Պատրաստել միջուկը:
Պատրաստի խմորը գրտնակել և բացել 2 սմ հաստությամբ շերտերով: Շերտի մակերեսին քսել յուղ, երկտակ ծալել, նորից գրտնակել, յուղ քսել և նորից երկտակել: Կրկնել չորս անգամ: Վերջին անգամ գրտնակել, ռուլետի ձևով փաթաթել, բաժանել 70 գրամանոց կտորների: Ամեն կտոր բացել 5-7 մմ հաստությամբ: Բացված խմորի կենտրոնում լցնել 50 գր միջուկ: Ապա միացնել խմորի եզրերը և կլոր տեսք տալ: Նազուկի հաստությունը պետք է լինի մինչև 2 սմ: Դնել յուղ քսած թիթեղի վրա, խմորի վրա քսել դեղնուց և ծակծկել պատառաքաղով: Թխել տաք ջեռոցում 30 րոպեի ընթացքում:
Հալվա
1 ճ. գ. յուղ
1 ճ. գ. մեղր
1 ճ. գ. մանրացված ընկույզ
1 բ. ալյուր
Թավայի մեջ հալել յուղը, ավելացնել ալյուր: Բովել, մինչև ստանա դարչնագույն երանգ: Շրջել ափսեի մեջ, ձևավորել, վրան լցնել մեղր և մանրեցված ընկույզի միջուկ: