Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ծննդյան օրվա առթիվ
Advertisement 1000 x 90

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ծննդյան օրվա առթիվ

Աստանայում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ առանձնազրույցը ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը սկսել է ՀՀ վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքով: «Կարեն Վիլհելմի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր աշխատանքում»,-  Մեդվեդևի խոսքը մեջբերել է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

Մեդվեդևը նշել է, որ հանդիպմանը հնարավորություն ունեն քննարկելու կառավարությունների փոխգործակցության որոշ հարցեր: «Ընդհանուր առմամբ, իրավիճակը վատը չէ, քանի որ կա և Հայաստանից Ռուսաստան ապրանքների մատակարարման ծավալների աճ, և մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ընդհանուր աճ: Մենք շարունակում ենք կոորդինացնել մեր դիրքորոշումները համատեղ ներդրումային ծրագրերի, տնտեսական համագործակցության մի շարք ուղղություններով, որոնք ի հայտ են եկել բոլորովին վերջերս: Այնպես որ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է, սակայն դա չի նշանակում, որ չկա խոսելու բան: Եկեք քննարկենք ընթացիկ իրավիճակը»,- ասել է ՌԴ վարչապետը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին շնորհավորանքի համար և ավելացրել. «Իրականում մենք ունենք բավականին լայն օրակարգ: Ես ևս ցանկանում եմ ընդգծել դրական տնտեսական ցուցանիշները: Եվ ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում Ձեր՝ Հայաստան այցի ժամկետները»:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները  քննարկել են նաև ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները: Աստանայում նրանք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:



Նման նյութեր