Գրանցվել է ռեկորդային`+42.6 աստիճան
Advertisement 1000 x 90

Գրանցվել է ռեկորդային`+42.6 աստիճան

Թեժ ու այրող ամառը սկսել է նահանջել` իր տեղը զիջելու նորմայի սահմաններում գտնվող օդի ջերմաստիճանին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ այս ամռան ընթացքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 42.6-ը: Այն դիտվել է հուլիսի 25-ին` Արարատյան դաշտում:

«Դա ռեկորդային ջերմաստիճան է: Այդպիսի ջերմաստիճան մեկ էլ գրանցվել է 1986 թվականի հուլիսի 9-ին»,- համեմատեց նա: Հավելեց, որ տվյալ իրավիճակը նորմայից շեղվել է +5 +7 աստիճանով:

Օդերևութաբանության կենտրոնի պետը, սակայն, միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ ըստ կանխատեսումների, հանրապետությունում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի: Նաև կդիտվեն անձրև ու կարկուտ:

«Այսօր առանց տեղումների եղանակը և բարձր ջերմային ֆոնը կպահպանվեն: Ջերմաստիճանը ցերեկը կմոտենա առավելագույնը +38 +39 աստիճանի, բայց արդեն վաղը 3-4 աստիճանով կնվազի և +35-ը չի գերազանցի: Եվս 5 աստիճանով կնվազի օգոստոսի 16-17-ին, ու արդեն 17-ին կանխատեսվում է, որ առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի +30 +32-ի սահմաններում»,- տեղեկացրեց օդերևութաբանը:

Առաջիկա օրերին մեծ կլինի նաև տեղումների հավանականությունը: «Վաղը` օգոստոսի 15-ին, հանրապետության հյուսիսային շրջաններում` հիմնականում երեկոյան ժամերին, իսկ 16-17-ին արդեն բոլոր շրջաններում, այդ թվում` Երևանում, երեկոյան և գիշերը կլինեն անձրևներ: Առանձին հատվածներում հնարավոր են կարկուտ, ամպրոպներ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում»,- շարունակեց Գագիկ Սուրենյանը:

Նա, սակայն վստահեցրեց, որ եղանակի սպասվող փոփոխությունները չեն նշանակում, թե դեպի աշուն ենք գնում. «Ոչ, դեպի աշուն չենք գնում, ուղղակի ջերմաստիճանը մոտենում է նորմային»:

armtimes.com



Նման նյութեր