Երևանի Կամերային պետական թատրոնի դերասանուհի Անի Լուպեն ավելորդ քաշը հիվանդագին է ընդունում: Իր խոսքով՝ նա ամեն առավոտ կանգնում է կշեռքին՝ հաստատելու անխախտ քաշը, ավելին՝ լոգանք ընդունելուց հետո մազերը չորացնում է, որպեսզի թաց մազերը կշիռն անգամ գրամներով ավել ցույց չտա:
«Քանի որ մասնագիտությամբ դերասանուհի եմ, պետք է միշտ ներկայանալի լինեմ: Չգիտեմ, եթե բեմի մարդ չլինեի, դարձյալ այս կերպ հիվանդագին կմոտենայի, թե ոչ, բայց այսօր փաստն այս է: Ես շատ խիստ եմ ինքս իմ նկատմամբ, բացի այդ, բնավորությունիցս ելնելով, չեմ կարողանում բավարարվել ունեցածով, ինձ համար միշտ ամեն ինչ քիչ է ու ես անդադար ձգտում եմ ավելիին: Այս պարագայում ևս, երբ հասնում եմ ցանկալի կշռի, էլի մտածում եմ ավելի նիհարելու մասին»,-Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:
Անի Լուպեն 55 կգ է կշռում: Իր խոսքով՝ իրեն այս քաշում լավ է զգում, սակայն իր երազած կազմվածքի չափանիշներն այլ են.
«Ինձ համար իդեալական է համարվում մոդելների կառուցվածքը, որոնք ունեն բարակ ու ծուռ ոտքեր և չափազանց նիհար են: Այսօր ակտուալ գեղեցիկ կազմվածքի չափանիշները՝ մեծ հետույքն ու հաստ ոտքերը, իմ ճաշակով չեն: Թեև գենետիկաս ինձ նման կազմվածք չի տվել»,- մանրամասնեց Անին:
Անի Լուպեն նշեց, որ իր կյանքում հաճախ է դիետաների դիմում. «Ես հաճախ եմ սննդակարգիս հետևում, բայց խիստ ռեժիմով չեմ պահում դրանք: Հաճախ սպիտակուցային դիետա եմ պահում, ժամանակ առ ժամանակ հետևում եմ նաև հանրահայտ դիետոլոգ Պիեր Դյուկանի առաջարկած սննդակարգին, ով ևս սպիտակուցային դիետա է առաջարկում: Միաժամանակ՝ պետք է խոստովանեմ, որ շաբաթներ ձգվող դիետենարի կեսից մշտապես շեղվում եմ: Իրականում, կարծում եմ՝ ճիշտ է հետևել սննդակարգին ու պարզապես առողջ սնվել՝ հրաժարվելով խմորից, քաղցրից և տապականերից: Ի դեպ՝ աշխատանքիս բնույթից ելնելով՝ հաճախ եմ ստիպված լինում ուշ ժամերի ուտել, թեև աշխատում եմ թեթև սնվել այդ ժամանակ: Դիետաների մասին խոսելիս նշեմ նաև, որ կինը պետք է իր օրգանիզմն ու մարմինը լավ ճանաչի, նա պետք է կարողանա հասկանալ, թե բազմաթիվ դիետաներից իրեն ո՞րն է օգնում, որը՝ ոչ: Ես չեմ հավատում, որ մեկ ամսում կարելի է մեծ քաշ կորցնել, հնարավոր լինելու դեպքում էլ հաստատ շատ արագ կրկին կավելցնես քաշդ, երբ թողնես տվյալ դիետան: Այսինքն՝ շատ կարևոր է կամքի ուժ ունենալ և պարզապես ճիշտ սնվել»,- պատմեց դերասանուհին:
Անի Լուպեն վստահ է՝ դիետաներով կարելի է նիհարել, բայց գեղեցիկ մարմին ունենալու համար պետք է հաճախել մարզասրահ: Դերասանուհին շաբաթը երեք անգամ այցելում է ֆիթնես ակումբ ու խոստովանում, որ այդպես ոչ միայն կազմվածքն է պահպանում, այլև ինքնազգացողությունն է լավանում:
Անկախ դիետաներից, մարզասրահ հաճախելու քանակից և կշռից՝ Անի Լուպեի համար կինն իրեն գեղեցիկ է զգում, երբ սիրված է. «Մարմնի կառուցվածքը կապ չունի, կինն իրեն գեղեցիկ է զգում, երբ սիրված է, երբ իր տղամարդը ևս հիանում է իրենով ու հաճախ է այդ մասին բարձրաձայնում: Իհարկե, գալիս է մի տարիք, որ կինը կայանում է և տղամարդու խոսքից այնքան էլ կախվածություն չի ունենում, բայց յուրաքանչյուր տարիքում էլ հաճելի է, երբ կինը զգում է, որ իր տղամարդու համար ամենագեղեցիկն է: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քաշը դրա հետ կապ չունի, կրկնում եմ՝ այն ինձ պետք է՝ մասնագիտությունից ելնելով: Գեղեցկության համար երջանկություն է պետք՝ պարզ երջանկություն, ու սա փորձված մեթոդ է»,- ավարտեց դերասանուհին: