Գրեթե բոլոր մարզերում օգոստոսի 16-ին երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշեց, որ անցած գիշերվանից հանրապետության տարածքում գործում է սևծովյան ցիկլոնը, շրջանների զգալի մասում դիտվել է անձրև և ամպրոպ, Խոսրովի արգելոցում անձրևը սկսվել է առավոտյան ժամը 8-ին։
«Ըստ կանխատեսումների՝ այսօր, կեսօրից հետո, դեպի երեկո ցիկլոնը բավականին կհզորանա։ Հատկապես երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը գրեթե բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը կլինի 20-25մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ»,- ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով, օգոստոսի 17-ի ցերեկը ցիկլոնի ուժը որոշակի կթուլանա, սակայն շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևները կշարունակվեն։ Օգոստոսի 18-ից Հայաստանում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ։
«Օդի ջերմաստիճանը, ինչպես և կանխատեսվել էր, զգալի նվազել է և այսօր ու վաղը Արարատյան դաշտում ու Երևանում ցերեկը չի գերազանցի +30, +32 աստիճանը, իսկ օգոստոսի 18-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,- տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։