Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին
Advertisement 1000 x 90

Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն աստիճանաբար վերականգնվում է, անցնում իր երբեմնի բնականոն հունին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանն ասաց, որ սիրիահայերը կամաց-կամաց վերադառնում են իրենց տները և շարունակում զբաղվել իրենց աշխատանքով: «Սիրիահայերը վերադառնում են, քանի որ այստեղ են թողել իրենց տունն ու տեղը»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմնական բարդությունը կապված է ժողովրդի տնտեսական վիճակի հետ:

«Սննդամթերքի պակասի հարցեր չկան, կան միայն  նյութական դժվարություններ, սակայն քաղաքի մեջ կյանքն իր աշխատանքային վիճակին է: Վերականգնված է նաև քաղաքի ջրամատակարարումը: Հուսանք, որ առաջիկա օրերին դրական տեղաշարժ կլինի նաև հոսանքի պարագայում, քանի որ բավականին վերջերս հոսանք ունենում էինք օրվա մեջ ընդամենը երկու ժամով»,- ասաց պատգամավորը:

Ժիրայր Ռեյիսյանի խոսքով՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցները ևս պատրաստվում են նորամուտին:

Անդրադառնալով Հալեպի օդանավակայանին, Ռեյիսյանն ասաց, որ այն գրեթե պատրաստ է, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով դեռևս չի գործում: «Այնտեղ թռիչքներ իրականացվում են, սակայն ոչ պաշտոնական, հանրային ծառայության իմաստով»,- հավելեց նա:

Հալեպն ազատագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին: Ժողովուրդը ցնծությամբ է տոնել բազմաչարչար Հալեպի ազատագրումը:



Նման նյութեր