ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն աշնանը հանդիպելու է Չինաստանի ավիացիոն իշխանությունների և ավիաընկերությունների հետ՝ երկկողմ ուղիղ չվերթեր կազմակերպելու հարցը քննարկելու համար: Այդ մասին Ավետիսյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն լուրերին, թե Չինաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանը դիտարկում է որպես ավիացիոն տարանցիկ ուղի:
Ավետիսյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Չինաստանի հետ ստորագրվել է փաստաթուղթ, որով կողմերը գնում են ավիացիոն շուկայի ազատականացման և իրավական դաշտի կարգավորման: «Աշնանն այցելելու եմ Չինաստան և ակնկալում եմ ստորագրել միջպետական նոր համաձայնագիր: Նախատեսում եմ հանդիպումներ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկենք Հայաստան-Չինաստան չվերթի հնարավոր իրականացումը: Եթե այս փուլը անցնենք հաջողությամբ, ոչինչ չենք բացառում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը:
Նրա խոսքով, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն իր ենթակառուցվածքներով պատրաստ է ընդունել մեծաքանակ ուղևորներ և չվերթեր: