Ակոռի. վայր, որտեղ Նոյն ուռենի տնկեց. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ակոռի. վայր, որտեղ Նոյն ուռենի տնկեց. armeniasputnik.am

Ակոռի հին գյուղատեղին գտնվում է Մեծ Արարատ լեռան հյուսիս-արևելյան լանջի վիհի եզրին, ներկայումս այն Թուրքիայի Իգդիր նահանգի տարածքում է։ Հին ավանդությունն ասում է, որ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո հենց այս վայրում է մի ուռենի տնկել, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը՝ Ակոռի:

Հայկական հնամենի այս գյուղն առաջին անգամ հիշատակել է 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին՝ 482-484 թվականների հայ-պարսկական պատերազմի կապակցությամբ։ Ակոռի գյուղից մոտ չորս ու կես կիլոմետր հեռավորության վրա, բարձրադիր գոտում, դարեր շարունակ գործել է հանրահայտ Սուրբ Հակոբ վանքը, որտեղ Նոյյան տապանի փայտի մի կտոր էր պահվում: Վանքը հայտնի էր նաև այստեղ բխող սրբազան աղբյուրով, որի ջուրը բուժիչ և հրաշագործ էր համարվում:

Վանքային համալիրը, ըստ ավանդության, հիմնադրվել էր այն տեղում, որտեղ Սուրբ Հակոբը հրեշտակից ստանում է Նոյյան տապանի այդ մի մասունքը: Սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետը, որի անունով էլ անվանակոչվել է վանքը, 4-րդ դարի եկեղեցական գործիչ էր և համարվում էր Մեծ Հայքում Քրիստոնեությունը քարոզողներից մեկը: Հայ Առաքելական եկեղեցու կողմից նա դասվել է սրբերի շարքը:

Ուշագրավ է, որ Հակոբ Մծբնացին պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, որը փորձել է բարձրանալ Արարատ լեռը և գտնել առասպելական Նոյան տապանի մնացորդները։

Ակոռի գյուղն ու Սուրբ Հակոբ վանքը ներկայումս գոյություն չունեն, նրանք հիմնահատակ ավերվել են 1840 թվականի հուլիսի 2-ին տեղի ունեցած կործանիչ երկրաշարժի ժամանակ: Այդ օրը ողջ գյուղը թաղվեց ժայռաբեկորների հաստ շերտի տակ, սակայն առեղծվածային կերպով կանգուն մնացին միայն գյուղի գերեզմանոցի խաչքարերը՝ որոնք մինչ հիմա էլ դեռ կան: Հայտնի է, որ 1840-ի աղետից առաջ Ակոռին բավականին մեծ գյուղ է եղել, ունեցել է 2200 բնակիչ, բնակչության գերակշռող մեծամասնությունը հայեր են կազմել:

1829 թվականին գերմանացի երկրաբան ու ճանապարհորդ Ֆրիդրիխ Պարրոտը Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Արարատ լեռան գագաթը և հետագայում իր հուշագրությունում նկարագրում է Ակոռի գյուղը որպես ծաղկուն, հարմարավետ և հյուրընկալ մի բնակավայր: Ի դեպ, Արարատ բարձրանալու իր արշավախմբի հենակետային ճամբարը Ֆրիդրիխ Պարրոտը տեղակայել էր հենց Սուրբ Հակոբ վանքում: Հետագայում, արդեն երկրաշարժից կործանված Ակոռիից ոչ հեռու վերաշինվում է Նոր Ակոռի գյուղը, որը 19-րդ դարի վերջին ուներ մոտ 50 տուն, եկեղեցի և ամրոցաձև պահակատուն։ Այժմ այս տեղանքում գտնվում է Յենիդողան քրդաբնակ փոքր գյուղը:

armeniasputnik.am