«Kitchen with Helen» նախագծի հիմնադիր Հելեն Ուդումյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն առողջ, այլև համեղ սնվելու իր կանոնների մասին:
«Ես հասարակ հայուհի եմ, ով սիրում է կյանքը, պաշտում է խոհանոցն ու համով ուտելուց զատ՝ նաև սիրում է հյուրասիրել: Սա իմ կյանքի դեվիզներից մեկն է: Ես սննդաբանների և դիետոլոգների նման հատուկ ցուցումներ չունեմ, թե ինչն է օգտակար, ինչը՝ ոչ, թեև հետևում եմ նաև առողջարար մթերքների օգտագործմանը: Ես միշտ ասում եմ, եթե այս պահին ուզում ես սառը գարեջուր խմել կամ մի մեծ ափսեով տորթ ուտել, ապա քեզ չպետք է զրկես ու զսպես: Այդպես մենք մեր օրգանիզմին երես ենք տալիս, ինչը, կարծում եմ, անհրաժեշտ է »,- նշեց Հելենը:
Թեև մեր զրուցակիցը իրեն չի զրկում համեղ, երբեմն նաև գիրացնող ուտեստներ ուտել, բայց նաև փորձում է հետևել ճիշտ կենսակերպին. «Ես արթնանում եմ առավոտ վաղ՝ 07:00-ին: Համեղ ուտեստներ եմ պատրաստում ընտանիքիս համար, հետո երեխաներիս մանկապարտեզ ու դպրոց եմ տանում, բայց չեմ մոռանում մարզվել, ընդ որում՝ ես դա անում եմ տանը, քանի որ չեմ հասցնում մարզասրահ գնալ: Երբ բալիկներս քնած են, ես փորձում եմ կես կամ մեկ ժամ հոգ տանել մարմնիս մասին, մարզվում եմ, որն ինձ հավելյալ էներգիա է տալիս»,- պատմեց Հելենը:
Մեծ գուրման Հելենը աշխատում է հացեղեն քիչ օգտագործել, տապականերից ևս փորձում է հրաժարվել, փոխարենը՝ մեծ նախապատվություն է տալիս մրգերին և բանջարեղեններին: Ավելին՝ մեզ հետ զրույցում Հելեն Ուդումյանը հետաքրքիր ամառային աղցանի բաղադրատոմսով կիսվեց.
«Ամռանը շատ օգտակար են հազարը, ելակը, ավոկադոն, դդմիկը, լոլիկը: Մսեղենն էլ հիմնականում խաշած վիճակում է օգտակար ուտել, իսկ նրանք, ովքեր միս չեն սիրում, կարող են փոխարենը ոսպ, լոբի, բազուկի տերև, սպանախ, շուշան ուտել, որոնք գրեթե նույն վիտամիններն ունեն: Ի դեպ՝ ամառային մի լավ աղցան առաջարկեմ մեր ընթերցողներին, որը ոչ միայն համեղ է, այլև՝ շատ օգտակար.
Հալած պանրին ավելացնում ենք կտրատված ավոկադո, ապա տրորված մասային ավելացնում ենք քամած լիմոն, զեյթոնի ձեթ, հազար, լոլիկ և վարունգ, իսկ վերջում աղ: Հավատացնում եմ՝ սա ամռան համար պարզապես հրաշալի բաղդրատոմս է: Նաև խորհուրդ կտամ ամռանը շատ հյութեր օգտագործել՝ հիմնականում խուսափել գազավորված ըմպելիքներից»:
Հելեն Ուդումյանն իր օրինակով խորհուրդ է տալիս օրական ուտել 6-7 անգամ. «Ինքս քիչ քանակությամբ, բայց շատ եմ ուտում: Ընդ որում՝ այդ թվում են մրգերը, մի փոքրիկ աղցանը, կաթնաշոռը և օրինակ մսից պատրաստված որևէ ուտեստ: Այս կերպ մենք հաստատ չենք գիրանա ու առողջ կլինենք, քանի որ այդպես մենք անընդհատ էներգիայով լիցքավորված կլինենք»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ մրգերի սիրահար է, բայց փորձում է դրանք ուտել մինչև 18:00-ն, հակառակ դեպքում դրանք մեզ հաստատ կգիրացնեն:
«Ես գիտեմ, թե երբ և ինչպես է ճիշտ ուտել, բայց ուտելն ինձ համար կյանքի հաճույքներից մեկն է, ու ես ինձ երբեք չեմ զրկում, երբ շատ եմ ցանկանում տվյալ բանը սխալ ժամի ուտել: Պարզապես հետո ավելի շատ եմ մարզվում»,- ավելացրեց Հելեն Ուդումյանը: